PicsArt-ի նախաձեռնած մեքենայական ուսուցման ծրագիրը նոր թափ է հավաքում (տեսանյութ)

18:19 • 13.10.17

Հոկտեմբերի 12-ին PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մեքենայական ուսուցման երիտասարդ մասնագետների հավաստագրերի հանձնման արարողությունը: Հայաստանում առաջին անգամ անցկացվող երկարաժամկետ մեքենայական ուսուցման ծրագիրը նախաձեռնել էր PicsArt ընկերությունը Ucom և BetConstruct ընկերությունների հետ համատեղ:

«Մենք շատ թրեյնինգներ էինք իրականացնում, որպեսզի PicsArt-ի ներքին պահանջարկը բավարարենք՝ արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և տարբեր այլ ոլորտներում: Եվ մտածեցինք ավելի ընդլայնել սա, և սկսել այնպիսի ծրագիր, որը ոչ միայն մեզ համար կծառայի, այլ նաև որոշ այլ ընկերությունների համար»,- ասաց PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը շարունակական է լինելու: Հաջորդ փուլերում մասնավոր ընկերությունները փորձելու են ավելի շատ համագործակցել համալսարանների հետ և լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել:

«Այս պահին արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտն է, որ կարող է Հայաստանի ուժեղ կողմերից մեկը և խաղաքարտը լինել: Հայաստանը քիչ ռեսուրս ունենալով` կարող է շատ մեծ օգուտ տալ այս ոլորտում»,- նշեց Միքայել Վարդանյանը:

Մեքենայական ուսուցման ծրագիրը տևել է 6 ամիս, իսկ ծրագրի 28 մասնակիցներն արդեն հասցրել են աշխատանքի անցնել կազմակերպիչ երեք ընկերություններում:

«Խնդիրը նրանում է, որ Հայաստանի համալսարաններում համապատասխան կրթություն չկա, այստեղից առաջացավ համատեղ կուրսերի կազմակերպման միտքը: Ucom-ում մեծ քանակությամբ տվյալներ են հավաքվում ամեն օր, բայց մենք մինչ օրս չունեինք այդ տվյալները ուսումնասիրող և վերլուծող մասնագետ: Իսկ այս մասնագետների օգնությամբ մենք կփորձենք ավելի լավ հասկանալ մեր բաժանորդներին»,- ընդգծեց Ucom ընկերության ցանցի օպերացիոն կենտրոնի ղեկավար Զավեն Նավոյանը:

BetConstruct ընկերության ներկայացուցիչ Ռաֆայել Մկրտչյան ն էլ նշեց, որ ընկերությունում արհեստական  ինտելեկտի և մեքենայական ուսուցման մասնագետների պահանջարկ կա. «Միջազգային շուկայում բավականին թրենդային է դարձել մեքենայական ուսուցման գաղափարախոսությունը, որոշեցինք հետ չմնալու համար հայկական շուկայում էլ զարկ տալ այս ոլորտների զարգացմանը»: Այս ուսուցման ծրագրով մենք հնարավորություն տվեցինք ֆիզիկամաթեմատակական գիտելիքներ ունեցող երիտասարդներին խորանալ մեքենայական ուսուցման ուղղությամբ և ուսումից հետո միանալ ընկերություններին»,- ասաց նա:

Մեքենայական ուսուցումը և արհեստական ինտելեկտը ՏՏ ոլորտի կարևոր ուղղություններից մեկն է, որը լայնորեն սկսել է կիրառվել և՛ առօրյայում, և՛ բիզնեսում: Մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի հեշտանում է տվյալների հավաքագրումը և դրանց վերլուծությունը:

«Մեքենայական ուսուցումը ապագայի ոլորտներից է, և այս ուսուցման կուրսը բացառիկ էր Հայաստանում գտնվող ուսանողի համար: Այդ պատճառով երբ իմացա այս կուրսի մասին, միանգամից դիմեցի»,- հայտնեց մեքենայական ուսուցման ծրագրի մասնակից Հայկ Գրիգորյանը:


 

PicsArt-ի նախաձեռնած մեքենայական ուսուցման ծրագիրը նոր թափ է հավաքում (տեսանյութ)