Ապագան արդեն այստեղ է. անդրոիդ ռոբոտը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ ազգերի կազմակերպությունը հյուրընկալել է արտասովոր հյուրի՝ անդրոիդ ռոբոտի, որը ստեղծվել է Hanson ընկերության կողմից ու ստացել Սոֆիա անունը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Սոֆիայի անակնկալ այցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում կազմակերպված տեխնոլոգիական քննարկման ժամանակ:
Սոֆիան, որն իրական մեդիասենսացիա է դարձել ու նախքան այդ բազմաթիվ հարցազրույցներ տվել տարբեր լրատվամիջոցների, հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդին ու կարճ զրույց վարել: Ի դեպ, այդ հանդիպման ժամանակ ռոբոտը հայտարարել է՝ «ապագան արդեն այստեղ է»:

Բացի այդ, Սոֆիան խոսել է արդի թեմաներից մեկի՝ արհեստական ինտելեկտի ստեղծման մասին: Նա նշել է, որ արհեստական ինտելեկտով համալրված դրոիդները կարող են օգնել մարդկությանը մի շարք հարցերում:

Ամինա Մոհամեդը նկատել է, որ մարդկանց կյանքի տարբեր ոլորտներում տեխնոլոգիաների ազդեցության չափը պետք է որոշվի ոչ թե ռոբոտների, այլ մարդկանց կողմից:

Հայտնի է, որ Սոֆիան ստեղծվել է դերասանուհի Օդրի Հեփբերնի նախատիպով: Նա ունի հարթ մաշկ, փոքր քիթ, ընդգծված այտոսկրեր, գեղեցիկ ժպիտ, իսկ նրա աչքերի գույնը փոխվում է՝ լուսավորությունից կախված:

Ռոբոտի ստեղծող Դևիդ Հանսոնի նպատակն է պատրաստել այնպիսի մեքենաներ, որենք կլինեն մարդուց ավելի խելացի ու միևնույն ժամանակ կունենան ստեղծագործ մտածողություն, կարեկցելու ունակություն:
Ավելի վաղ Սոֆիան հյուրընկալվել էր բրիտանական հեռուստաշոուներից մեկին, որտեղ պատմել էր իր մասին:
«Ինձ համար կատարյալ զուգընկերը պետք է լինի գերխելացի, ընկերասեր, հանճարեղ: Բայց ես դեռևս երիտասարդ եմ սիրավեպի մասին մտածելու համար»,-ասել էր ռոբոտը:










