Չինական OnePlus-ը խոստովանել է, որ տեղեկություններ է հավաքել օգտատերերի սմարթֆոններից

17:22 • 16.10.17

Վերջերս իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող OnePlus չինական ընկերությունը լրտեսել է օգտատերերին ու նրանց սմարթֆոններից ամենայն մանրամասնությամբ տեղեկություններ հավաքել:

Ինչպես նշում է The Verge-ը, տեղեկությունը լուրջ անհանգստության պատճառ է դարձել օգտատերերի շրջանում: Դրան ի պատասխան ընկերությունը հայտարարել է, որ վերջ է տալիս տեղեկությունների հավաքման պրակտիկային:

Չնայած, որ բջջային սարքերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պարբերաբար տեղեկություն են հավաքում այն մասին, թե ինչպես են մարդիկ օգտագործում իրենց սարքերը, այնուհանդերձ՝ OnePlus-ի դեպքում  հավաքվող տեղեկության ծավալը շատ մեծ է եղել:

Հայտնի է, որ ընկերությունը հեռախոսներից հավաքել է հեռախոսահամարներին, MAC հասցեներին, տարբեր հավելվածների օգտագործման հաճախականությանը վերաբերող տեղեկություններ:

Ընկերության համահիմնադիր Կառլ Փեյը բացատրել է, որ իրենք տեղեկությունը հավաքել են միայն հեռախոսների OxygenOS օպերացիոն համակարգի աշխատանքը բարելավելու նպատակով:

Փեյի խոսքով՝ օգտատերերը հնարավորություն ունեն ապաակտիվացնել այն ծրագիրը, որը թույլ է տալիս տեղեկություններ հավաքել: Նա նաև վստահեցրել է, որ հավաքված տեղեկությունն ընկերության սահմաններից դուրս չի տարածվել:

Չինական OnePlus-ը խոստովանել է, որ տեղեկություններ է հավաքել օգտատերերի սմարթֆոններից