Ամերիկացիները փչովի բնակելի հարթակ են ուղարկելու Լուսնի ուղեծիր
Ամերիկյան Bigelow Aerospace մասնավոր տիեզերական ընկերությունը United Launch Alliance-ի հետ համատեղ մտադիր է փչովի հարթակ ուղարկել Լուսնի ուղեծիր: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընկերությունների մամուլի հաղորդագրության մեջ:
Bigelow Aerospace-ն զբաղվում է փչովի տիեզերական հարթակների մշակմամբ, որոնց գլխավոր առավելությունը փոփոխվող չափսերն են: Այն ուղեծիր ուղարկել կարելի է ծալված վիճակում, ապա փչել այն՝ կրկնակի մեծացնելով ծավալը:
Ներկայում ընկերությանը պատկանող փչովի բնակելի հարթակը կիրառվում է Միջազգային տիեզերակայանում:
Նորագույն հարթակը կլինի Միջազգային տիեզերակայանում օգտագործվող տարբերակից երեք անգամ ավելի փոքր: Հարթակի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2019-ին:










