Ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ ավելի են հեռացել համաձայնության ձեռքբերումից. ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ (տեսանյութ)

11:19 • 19.10.17

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտություն չէ, մարդիկ, ովքեր օգտագործում են այդ արտահայտությունը, սխալ են. այն շատ վտանգավոր հակամարտություն է: Այդ կարծիքն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Քերի Կավանոն հոկտեմբերի 18-ին ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ:


«Կանխելով Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը. ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերը» թեմայով ճեպազրույցին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու նախկին ամերիկացի համանախագահները՝ Քերի Կավանոն և Ջեյմս Ուորլիքը:


Մինսկի խմբի նախկին համանախագահը նշել է, որ վերջին շրջանում երեք փոփոխություն է տեղի ունեցել, որոնք հակամարտությունն ավելի խնդրահարույց են դարձնում:


Նախևառաջ, նրա խոսքով, դա վերաբերում է հակամարտության կողմերի դիրքորոշումներին:


«Ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ ավելի են հեռացել համաձայնության ձեռքբերումից»,- ասել է Կավանոն:


Նախկին համանախագահը նշել է, որ տարածաշրջան բերված սպառազինության տեսակներն ու քանակությունն է՛լ ավելի բարդ իրավիճակ են ստեղծում: Զենքի ձեռքբերումները մեծապես փոխել են իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ զենքի առկայությունը խնդիր է եղել տասնամյակների ընթացքում, բայց զինատեսակների քանակը և տեսակները, որ բերվել են տարածաշրջան վերջին շրջանում, շատ ավելի վտանգավոր իրավիճակ են ստեղծել:


Բացի այդ, որպես երրորդ հանգամանք նա նշել է, որ Հարավային Կովկասը մեծ փոփոխությունների է ենթարկվել այս շրջանում:


Կավանոյի վստահեցմամբ՝ հարկավոր է հիշել, որ Հարավային Կովկասն ինքնին կայուն չի եղել, այստեղ եղել են նշանակալի զարգացումներ և փոփոխություններ: Նա հիշեցրել է, որ Երևանը, Բաքուն, Թբիլիսին այլևս նախկին Խորհրդային միության քաղաքները չեն: Տնտեսական ինտեգրման առումով մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, նաև փոփոխություններ՝ քաղաքական առումով: Եվ դա է՛լ ավելի առաջնահերթ է դարձնում տարածաշրջանում խաղաղության պահպանումը:


«Ինչպես հակամարտությունն ինքնին ժամանակի ընթացքում փոխել է իր դինամիկան, այնպես էլ միջնորդական գործընթացն է փոփոխվել»,- ասել է Կավանոն:


Խոսելով բանակցությունների և միջնորդական ջանքերի մասին՝ նա նշել է, որ տարիների ընթացքում բանակցային սեղանին է դրվել գրեթե ամեն տեսակի լուծում, որ հնարավոր էր պատկերացնել: Նա հավելել է, որ հիասթափություն կա, որ այդ մեխանիզմը դեռևս հաջողության չի հասել:


Նա հավելել է, սակայն, որ ժամանակներ են եղել, երբ կողմերն իսկապես մոտեցել են փոխզիջման ձեռքբերմանը: Այդ պատճառով սխալ կլինի հաջողության բացակայության համար մեղադրել մեխանիզմը, այն իրականում աշխատել է այնպես, ինչպես պետք է աշխատեր, նշել է նա:

Խոսելով ԵԱՀԿ միջնորդության դերի մասին՝ նա նշել է, որ հակամարտությունն արժանանում է զգալի ուշադրության: «1997 թվականից ի վեր չի եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, որ չիմանար Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին»,- հավելել է համանախագահը: Շատ ամերիկյան նախագահներ հաճախ չեն իմանում այս մասշտաբների հակամարտությունների մասին աշխարհի այլ անկյուններում, ԵՄ գրեթե բոլոր երկրների պաշտոնյաները, արտգործնախարարները գիտեն այս հակամարտության մասին, ասել է նա՝ նշելով, որ ԵԱՀԿ-ն հսկայական քաղաքական ուշադրություն է գրավում հակամարտության ուղղությամբ, մասամբ ինչի շնորհիվ էլ է՛լ ավելի շատ բռնություն չի գրանցվել հակամարտության գոտում:


Կավանոն նշել է նաև, որ հակամարտությունն առաջացնում է միջազգային հանրության անհանգստությունն այն պատճառով, որ պատերազմի բռնկման դեպքում այն հեշտությամբ կարող է ներգրավել տարածաշրջանի մյուս դերակատարներին:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին ճեպազրույց կանցկացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով: