«Խելացի» հայելիներից մինչև բժշկական թեստեր անող զուգարաններ. ինչպիսին են լինելու ապագայի տները (լուսանկարներ)
Ժամանակակից աշխարհում առաջադեմ տեխնոլոգիաները զարգանում են սրընթաց արագությամբ՝ գլխիվայր շրջելով մարդկային առօրյայի ամեն բնագավառ: Ժամանակակից տեխնոլոգիաները հեշտացնում են մարդկանց կյանքը, բազմաթիվ հոգսեր վերցնում իրենց վրա, թույլ տալիս նվազագույն գործողություններ կատարելով բազմաթիվ հարցեր լուծել:
The Daily Mail-ն ուշագրավ ֆոտոշարքի միջոցով փորձել է ցույց տալ՝ առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման ազդեցության արդյունքում ինչպիսին են լինելու մեր տները 20-25 տարի անց:
Ըստ այդմ՝ տները կունենան տեխնոլոգիական համակարգ՝ միացված բոլոր սենյակներին ու բնակիչներին: Այն պատասխանատու կլինի տանը կատարվող անցուդարձի համար: Այն կհետևի սենյակների ջերմաստիճանին, անվտանգությանը և նույնիսկ բնակիչների՝ նախապես կազմված օրակարգին:
Մասնավորապես՝ օդը մաքրող սարքերը կկարգավորեն օդի որակը, առողջ ու հանգիստ քնի համար՝ հատուկ գազերի արձակումը: Պատի ինտերակտիվ պաստառների վրա պարբերաբար կփոխվեն պատկերները:
Ինչ վերաբերում է մահճակալներին, ապա դրանք կդադարեն պարզապես քնելու վայր լինել ու կհետևեն մարդու քնի որակին, սրտխփոցի հաճախականությանը:
Զգեստապահարանները կհամալրվեն մի շարք ուշագրավ գործառույթներով, օրինակ՝ դրանք կկարողանան հագուստն ընտրելու վերաբերյալ հետաքրքիր խորհուրդներ տալ՝ հաշվի առնելով նորաձևության միտումները: Բացի այդ, խելացի հայելիները նախքան մարդու հագնվելը ցույց կտան, թե նա ինչ տեսք կունենա տվյալ հագուստով:

Անցում կատարելով խոհանոցին՝ The Daily Mail-ը նշում է, որ ներկառուցված հատուկ համակարգերը կառաջարկեն պատրաստվելիք ուտեստների մեծ ցանկ, կներկայացնեն տարատեսակ կերակրատեսակների բաղադրատոմսեր, տարբեր մթերքների սննդային արժեքի մասին տեղեկություններ:

Առանձնակի ուշադրության են արժանի ապագայի զուգարանները, որոնք կկարողանան անալիզի ենթարկել մարդու արտաթորանքը, դրանց հիման վրա բժշկական թեստեր անցկացնել ու պարզել, թե տվյալ անձն ինչ առողջական խնդիրներ ունի: Մինչդեռ զուգարանի նստատեղի կափարիչը կբացվի ու կփակվի ձայնային հրահանգով, ինչը նշանակում է, որ մարդն այլևս ստիպված չի լինի ձեռքով դիպչել դրան:

Լոգասենյակում տեղադրված «խելացի» հայելիները ցույց կտան, թե դիմահարդարման որ տեսակի դեպքում մարդն ինչ տեսք կունենա:

Ջրատար համակարգը ևս կատարելագործված կլինի: Այն ջրից կառանձնացնի օրգանիկ մասնիկները, կզտի հեղուկն ու այն կլցնի բակի մեջ:
Իսկ ապագայի լվացքի մեքենաները ջրի օգտագործումը կհասցնեն նվազագույնի, սակայն դա չի անդրադառնա հագուստի մաքրության և թարմության վրա:

Ինչ վերաբերում է ավտոտնակին, ապա այն մագնիսական ռեզոնանսի միջոցով էլեկտրամագնիսական դաշտ կստեղծի, ու էլեկտրական մեքենան անլար տարբերակով կլիցքավորվի:











