Google-ի մասնագետը պարզել է, որ iPhone-ի խցիկը կարող է հետևել օգտատերերին

17:31 • 27.10.17

Ամերիկյան Google կորպորացիայի մասնագետ Ֆելիքս Կրաուզեն պարզել է, որ iPhone սմարթֆոնի խցիկը կարող է նկարահանել օգտատերերին՝ առանց նրանց իմացության: Մասնագետի հետազոտությանն անդրադարձել է РИА Новости-ն:

«Հաճախ օգտատերերը հավելվածների ներբեռնումից անմիջապես հետո հաստատում են խցիկին հասանելիությունը: Այս հավելվածները՝ մեսենջերները, նորությունների ռեսուրսները և այլն, հեշտությամբ կարող են հետևել օգտատիրոջ դեմքին, լուսանկարներ անել կամ առցանց հեռարձակում իրականացնել հիմնական կամ դիմացի խցիկի միջոցով», - ասվում է Կրաուզեի բլոգում հրապարակված հետազոտության մեջ:

Մասնագետի կարծիքով՝ այս կերպ հավելվածները կարող են ստուգել օգտատերերի տրամադրությունը և նկարահանել նրանց շրջապատող ամեն բան և մարդկանց:

Նշվում է, որ Կրաուզեն տեղեկացրել է այս մասին Apple ընկերությանը և առաջարկել նրան խցիկի աշխատանքի վերաբերյալ ծանուցումներ մշակել:

«Պաշտպանվելու միակ միջոցը կպչուն ժապավենի կամ հատուկ կազմի միջոցով խցիկն արգելափակելն է: Այս միջոցն օգտագործում են շատ մարդիկ, այդ թվում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը», - գրել է նա:

Google-ի մասնագետը պարզել է, որ iPhone-ի խցիկը կարող է հետևել օգտատերերին