Ուրֆայում թուրք հնագետները հայտնաբերել են 2000 տարվա ժայռափոր դամբարան (լուսանկարներ)

17:23 • 27.10.17

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆա նահանգում՝ նահանգի վարչական կենտրոն Ուրֆա քաղաքից ոչ հեռու, թուրք հնագետները հայտնաբերել են ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող ժայռափոր դամբարան, այս մասին տեղեկացնում է arkeolojihaber.net կայքը:

Եդեսիայի թագավորության ժամանակաշրջանին պատկանած այս հսկա դամբարանում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 133 ժայռափոր գերեզման:

Ուրֆայի քաղաքապետ Նիհաթ Չիֆչին լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ ժայռափոր դամբարանն ունի շուրջ 2000 տարվա պատմություն և պատկանում է Եդեսիայի Աբգար թագավորի ժամանակաշրջանին:

2-3 սենյականոց «մինի-դամբարանների» ներսի պատերի վրա հայտնաբերվել են նաև հետաքրքրական մանրանկարներ:

Ավելի վաղ Ուրֆայում հայտնաբերվել էր Եդեսիայի Աբգար Ե թագավորի ընտանեկան դամբարանը: Նշենք, որ Աբգար Ե թագավորը հայտնի է նաև Աբգար Հինգերորդ Ուքքամա անվամբ:

Ըստ ավանդության՝ Աբգար թագավորն ընդունել է քրիստոնեություն՝ դրանով դառնալով Մ.թ. 1-ին դարի առաջին քրիստոնյա թագավորը։ Նա Հայ առաքելական եկեղեցու սրբերից է։ Ըստ խորենացու «Հայոց պատմության»` եղել է Հայոց թագավոր։











Ուրֆայում թուրք հնագետները հայտնաբերել են 2000 տարվա ժայռափոր դամբարան (լուսանկարներ)