Կանադայում 1.8 մլն դոլար արժողությամբ մեքենաների հավաքածու է այրվել
Կանադայում հրդեհը ոչնչացրել է հազվագյուտ հին մեքենաների հավաքածուն, որում ներառված էր 1.8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 40 փոխադրամիջոց՝ պիկապներ, սպորտքարեր ու սուպերքարեր:
Ինչպես նշում է motor.ru-ն, թանկարժեք հավաքածուն պատկանում էր Հարի ու Դարլին Քեսեդի ամուսիններին, որոնք հազվագյուտ մեքենաները հավաքել են վերջին 30 տարվա ընթացքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրդեհը տեղի է ունեցել Բրիտանական Կոլումբիա նահանգի Լենգլի քաղաքում: Կրակը բռնկվել է այն շինությունում, որը Քեսեդի ամուսինները կառուցել էին մեքենաների հավաքածուն տեղակայելու համար: Դեպքի վայր հասած հրշեջներին չի հաջողվել փրկել մեքենաները:
Հարի Քեսեդին մեքենաների ոչնչացումը համեմատել է երեխայի կորստի հետ: Նա ընդգծել է, որ այդ փոխադրամիջոցներից ամեն մեկն իրոք յուրահատուկ էր ու անփոխարինելի:











