Նյու Յորքում մարդիկ հերթ են կանգնել կեղծ Apple Store-ի մոտ՝ նոր iPhone X-ը գնելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Նյու Յորքում Improv Everywhere կատակերգական թիմը, որն անսպասելի խաղարկություններ է անում հասարակական վայրերում, կեղծ Apple Store է բացել մետրոյի մոտակայքում: Այս մասին հայտնում է Big Picture-ը:
Կատակերգուներն Apple-ի հսկայական պատկերանիշեր են տեղադրել ապակե խցիկի վրա, համազգեստով աշխատակիցների բերել և 50 մարդուց բաղկացած կեղծ հերթ ստեղծել, որոնք իբր ցանկանում են iPhone X ձեռք բերել: Ոմանք հավատացել են, որ խանութն իսկական է, հերթ են կանգնել և հրաժարվել լքել այն՝ նույնիսկ լսելով, որ սմարթֆոնները չեն հերիքի բոլորին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ակցիան թույլատրված չի եղել, ահա թե ինչու պետք էր ամեն ինչ հնարավորինս արագ անել: Կազմակերպիչներն արագ տեղադրել են խցիկը և գնորդների կեղծ հերթ ստեղծել՝ անցորդների ուշադրությունը գրավելու համար: «Կեղծ» գնորդները դուրս են եկել խցիկից՝ արտահայտելով իրենց ուրախությունը «գնման» կապակցությամբ:
Նշվում է, որ թիմում նույնիսկ կեղծ թղթակից է եղել, որը հարցրել է պատահական անցորդներին՝ ինչ կարծիքի ունեն նրանք նոր խանութի մասին:
Անցորդները, հավատալով խաղարկության հեղինակներին, հերթ են կանգնել՝ հույս ունենալով բոլորից արագ ստանալ iPhone X-ը: Կազմակերպիչները սկսել են անհանգստանալ. նրանք չեն ցանկացել վատնել ուրիշների ժամանակը, ահա թե ինչու «խանութի աշխատակիցները» հայտնել են մարդկանց, որ հեռախոսները վերջանում են, և դրանք կարող են ձեռք բերել միայն հերթի սկզբի 50 սպասողները:
Հիշեցնենք, որ iPhone X-ի պատվերների ընդունման առաջին իսկ օրը պահանջարկը գերազանցել է մատակարարման ծավալը:

























