Միակողմանի տոմս. 60 տարի առաջ այս օրը տիեզերք է ուղարկվել առաջին շունը (լուսանկարներ)
1957 թվականի նոյեմբերի 3-ին Լայկա մականունով շունն ուղարկվել է Երկրի ուղեծիր: Gazeta.ru-ն անդրադարձել է իրադարձությանը, որը կարևոր քայլ է դարձել տիեզերքի ուսումնասիրության ոլորտում:
Արբանյակի խցիկում գտնվել է կերակրելու և օդի վերականգնման համար նախատեսված ապարատ, որը հաշվարկված է եղել 7 օր աշխատելու համար: Մինչդեռ Լայկայի վերադարձը Երկիր նախատեսված չի եղել:
«Ինձ համար կարևորը մարդու ապագա թռիչքի համար ամեն ինչ նախատեսելն էր: Պետք էր մարզվել և զոհաբերություններ անել»,- «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում վերհիշել է բժշկական գիտությունների դոկտոր Ադիլյա Կոտովսկայան, որը մասնակցել է կենդանիներին թռիչքների նախապատրաստելու աշխատանքներին:
Հայտնի է, որ թռիչքից առաջ Լայկան վիրահատվել է. նրա կողերի վրա շնչառության զգայակներ են տեղադրվել, իսկ քներակի վրա՝ զարկերակի զգայակ: Հոկտեմբերի 31-ին շունը նախապատրաստվել է մեկնումին և տեղադրվել հերմետիկ խցիկի մեջ: Գիշերը նա տեղափոխվել է հրթիռ:
Ցավոք, հաշվարկներում թույլ տված սխալների հետևանքով մի քանի ժամ անց խցիկի օդի ջերմաստիճանը հասել է 40-ի, և շունը, որը պետք է մեկ շաբաթ անցկացներ տիեզերքում, մահացել է գերտաքացումից:
Նա 4 պտույտ է գործել Երկրի շուրջ: Չնայած փորձարկման անսպասելի ավարտին՝ պարզվել է, որ կենդանի օրգանիզմն ի վիճակի է գոյատևել ուղեծրային տիեզերական թռիչքի պայմաններում:














