ԱՄՆ-ում Apple Store-ի մոտ կայանված բեռնատարից 370.000 դոլարի iPhone X է գողացվել
ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում 3 տղամարդ թալանել է Apple Store խանութի մոտ կայանված բեռնատարը՝ գողանալով 370.000 դոլար ընդհանուր արժողությամբ 300-ից ավելի iPhone X սմարթֆոն:
Ինչպես հայտնում է The Verge-ը, բեռնատարը պատկանել է ապրանքների արագ առաքմամբ ու լոգիստիկայով զբաղվող UPS ընկերությանը: Վարորդի խոսքով՝ խանութի մոտ կայանելուց հետո ինքը կողպել էր մեքենան:
Օգտվելով վարորդի բացակայության փաստից՝ գողերն ինչ-որ կերպ ներխուժել են բեռնատարի մեջ ու այնտեղից հանել 313 հատ նոր iPhone X:
Ոստիկանության փոխանցմամբ՝ տղամարդիկ նախապես իմացել են բեռնատարի պարունակության մասին ու հետևել են մեքենային:
Այժմ UPS-ն ու Apple-ը համագործակցում են ոստիկանության հետ:
Հիշեցնենք, որ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն այսօր՝ նոյեմբերի 3-ին, պատրաստվում է վաճառքի հանել երբևէ ստեղծված ամենաթանկ iPhone-ը՝ iPhone X-ը, որն արժե 1.000 դոլար:
Այդ կապակցությամբ «խնձորային» բրենդի բազմաթիվ երկրպագուներ նախապես հերթեր են կազմել Apple-ի խանութների մոտ՝ ցանկանալով առաջիններից մեկը գնել սմարթֆոնը:
Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ iPhone X-ի պահանջարկը հսկայական է լինելու:
ավելենք, որ նոր iPhone X-ի գլխավոր առաձնահատկություններն են FaceID դիմաճանաչողական գործառույթն ու TrueDepth գերժամանակակից տեսախցիկը:










