ՆԱՍԱ-ն և Uber-ը թռչող տաքսու նախագիծ կմշակեն

17:20 • 08.11.17

ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) և Uber առցանց տաքսի ծառայությունը թռչող տաքսու նախագիծ կմշակեն, որի փորձարկումը պլանավորվում է անել 2020 թվականին: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով Uber-ի արտադրության բաժնի տնօրեն Ջեֆ Հոլդենին:

Ենթադրվում է, որ Uber Elevate կոչվող նախագծում ՆԱՍԱ-ն տրանսպորտային ցանց կմշակի թռչող ավտոմեքենաների համար:

Uber-ի հաղորդմամբ՝ ընկերությունները թռչող սարքերի «շարժման անօդաչու ղեկավարման» համատեղ աշխատանքների վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել:

«UberAir-ն ավելի շատ օրական ուղևորություններ կանի, քան երբևէ իրականացրել են տաքսիները: Այս ամենն անվտանգ և արդյունավետ կերպով անելու համար հիմնարար փոփոխություններ կպահանջվեն օդային տարածքը ղեկավարելու տեխնոլոգիաներում», - պատմել է Հոլդենը հեռուստաալիքին:

Նրա խոսքով՝ Uber-ի ծրագրային ապահովման փորձի և ՆԱՍԱ-ի՝ տիեզերական տարածության ոլորտում մի քանի տասնյակ տարիների աշխատանքի փորձի միավորումը կարևոր քայլ է Uber Elevate-ի համար:

Uber-ի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ նախագիծը պլանավորվում է փորձարկել 2020 թվականին՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում:

ՆԱՍԱ-ն և Uber-ը թռչող տաքսու նախագիծ կմշակեն