Գլխուղեղի չիպերը հնարավորություն կտան բարելավել հիշողությունը. The Daily Mail
Մարդու ուղեղի ամբողջ ներուժը բացահայտելու նպատակով դրանում միկրոչիպ տեղադրելը հնչում է գիտաֆանտաստիկ ֆիլմի սյուժեի պես, սակայն ֆուտուրիստական տեխնոլոգիան 15-20 տարուց կարող է իրականություն դառնալ:
Նման միկրոչիպի ստեղծման վրա աշխատող գիտնական Բրայան Ջոնսոնի խոսքով՝ այն բոլոր շանսերն ունի սմարթֆոնների պես լայն տարածում գտնելու համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, չիպի նախնական օրինակի արտադրությամբ զբաղվում է Kernel ընկերությունը, որն արդեն փորձարկումներ է անցկացնում էպիլեպսիայով հիվանդների վրա: Ըստ մասնագետների՝ նախնական արդյունքները դրական են:
Հետաքրքրական է, որ չիպերը կկարողանան բարելավել մի շարք հիվանդություններով, օրինակ՝ Ալցհեյմերով տառապող մարդկանց հիշողությունը:
«Ամբողջ նպատակն այն է, որ հիշողության խանգարման դեպքում հնարավոր լինի ներդնել չիպն ու վերականգնել հիշողությունը»,-ասել է Ջոնսոնը:
Kernel-ի հիմնադիր Ջոնսոնն ընդգծել է, որ ուղեղի ներուժն ամբողջությամբ բացահայտող չիպերի ստեղծումը կլինի մարդկության թերևս մեծագույն նվաճումը:











