iPhone X-ի գնորդները բողոքում են էկրանի վրա հայտնված կանաչ գծից (լուսանկարներ)
Ամերիկյան Apple ընկերության iPhone X սմարթֆոնն ընդամենը մեկ շաբաթ է, ինչ հայտնվել է վաճառքում, սակայն մի շարք գնորդներ արդեն հասցրել են հայտնել հեռախոսի էկրանի հետ կապված խնդիրների մասին:
Ինչպես նշում է mashable.com կայքը, անհանգստացած օգտատերերն ահազանգել են, որ 1.000 դոլարանոց սմարթֆոնի OLED էկրանի աջ կողմում բարակ կանաչ գիծ է երևում: Բացի այդ, նրանք հրապարակել են համապատասխան լուսանկարներ, որոնցում հստակ երևում է կանաչ գիծը:
Մի շարք օգտատերեր նշել են, որ գիծը չի անհետացել նույնիսկ հեռախոսն անջատելուց ու նորից միացնելուց հետո:
Աղբյուրը մանրամասնում է, որ Apple-ը տեղյակ է խնդրից: Twitter-ում կանաչ գծից բողոքած օգտատերերից մեկը պատմել է, որ իր հետ կապվել են Apple-ից ու հեռախոսը միանգամայն անվճար փոխել նոր մոդելով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Reddit կայքի օգտատերերից մեկը բողոքել է, որ նոր գնած iPhone X սմարթֆոնի սենսորային էկրանը եղանակային ցուրտ պայմանների ժամանակ սկսում է չաշխատել ու չի պատասխանում մատնահպումներին:
Սրան ի պատասխան Apple ընկերությունը հայտնել է, որ չափից ավելի սառը կամ տաք եղանակային պայմանները կարող են հեռախոսի ֆունկցիոնալության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ:
Ընկերությունն ընդգծել է, որ սաստիկ ցրտի ժամանակ iOS-ով գործող սարքը կարող է միառժամանակ անջատվել: Սակայն հեռախոսը կսկսի նորից աշխատել, երբ ջերմաստիճանը նորմայի գա:













