Ամերիկյան ընկերությունը մտադիր է կառուցել 2 մլն դոլարանոց լողացող առանձնատներ (լուսանկարներ)
Կլիմայական փոփոխությունների հետևանքով հաճախակի դարձած փոթորիկների ու համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառով առափնյա շքեղ առանձնատները գնալով կորցնում են պահանջարկը:
Այնուհանդերձ՝ ամերիկյան Arkup ընկերությունը, անտեսելով բացասական միտում, մտադիր է կառուցել լողացող առանձնատներ, որոնք բավականաչափ հուսալի կլինեն մինչև 4-րդ աստիճանի փոթորիկներին դիմակայելու համար:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ըստ նախագծի` տները համալրված կլինեն արևային պանելներով, կկարողանան կուտակել անձրևաջուրն ու այն վերամշակելուց հետո կբարարեն բնակիչների ջրի պահանջները:
Տները կունենան 4 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, լվացքատուն, հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհաններ, որոնցից պարզապես ցնցող տեսարաններ կբացվեն:
Հետաքրքրական է, որ ցանկության դեպքում տանտերը կկարողանա ծովածոցում խարիսխ գցել ու կանգնեցնել տունը: Միևնույն ժամանակ նա կարող է տնով բաց ծով դուրս գալ:















