Ներկայացվել է աշխարհում ամենաարագընթաց սերիական մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)

10:06 • 18.11.17

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Roadster 2 էլեկտրական սպորտքարը, որը կդառնա աշխարհում ամենաարագընթաց սերիական մեքենան:

Ինչպես հաղորդում է The Verge-ը, ընկերության ղեկավար Իլոն Մասկի պնդմամբ՝ 4 նստատեղ ունեցող տպավորիչ նորույթը լուրջ մրցակից կդառնա Porsche և Ferrari ավտոբրենդերի համար:

Միլիարդատիրոջ խոսքով՝ Roadster 2-ը 0-100կմ/ժ արագություն կզարգացնի ընդամենը 1.9 վայրկյանում, ինչն աննախադեպ ցուցանիշ է սերիական մեքենաների շրջանում: Ներկայում ամենաարագընթաց սերիական մեքենան Porsche 918 Spyder-ն է, որ 0-100կմ/ժ արագություն է զարգացնում 2.2 վայրկյանում:

Հայտնի է, որ մեքենան կկարողանա 160կմ/ժ արագություն զարգացնել 4.2 վայրկյանում: Այնուհանդերձ՝ Մասկը չի մանրամասնել, թե որքան է լինելու մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը՝ նշելով միայն, որ այն կգերազանցի 400կմ/ժ ցուցանիշը:

Նշվում է, որ 3 էլեկտրական շարժիչով ու մարտկոցով համարված Roadster 2-ը մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել ավելի քան 1.000կմ: Մասկի պնդմամբ՝ մեկ լիցքավորմամբ հնարավոր կլինի Լոս Անջելեսից հասնել Սան Ֆրանցիսկո ու հետ վերադառնալ:

Նորույթի արտադրությունը կսկսվի 2020թ. ոչ շուտ: Դրա գինը կսկսվի 200.000 դոլարից:

 

 

         

Ներկայացվել է աշխարհում ամենաարագընթաց սերիական մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)