Toyota-ի նոր հումանոիդ ռոբոտը կարողանում է կրկնօրինակել մարդկային շարժումները (տեսանյութ)
Ճապոնական Toyota մեքենաշինական կորպորացիան ներկայացրել է երրորդ սերնդի հումանորիդ ռոբոտին. T-HR3 կոչվող նորույթը կարող է ղեկավարվել և համաժամանակեցվել օպերատորի շարժումների հետ: Օգտատերը պետք է կրի հատուկ հեռակառավարման ձեռնոցներ և ականջակալներ կրի, որը միացված է ռոբոտի տեսադաշտը ցույց տվող տեսախցիկին:
Ընկերության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ 1.54 մետր բարձրություն և 75 կիլոգրամ քաշ ունեցող ռոբոտը ստեղծվել է՝ բնակարաններում, բուժհաստատություններում, շինարարական հրապարակներում, աղետի գոտիներում և նույնիսկ տիեզերքում մարդկանց օգնություն ցուցաբերելու հնարավորությունն ուսումնասիրելու համար:
The Verge-ը մանրամասնում է, որ օպերատորը կարող է ղեկավարել ռոբոտի ամբողջ մարմինը՝ օգտագործելով այս նպատակի համար նախատեսված հատուկ աթոռ, որը հագեցած է ներկառուցված զգայակներով:
Նշվում է, որ օգտատիրոջ շարժման դեպքում աթոռի մեջ տեղարված զգայակներն ազդանշաններ են ուղարկում ռոբոտի մարմնի 29 մասերին (այդ թվում՝ 10 մատներին)՝ հրահանգելով շարժվել: Օպերատորը կարող է շարժել ռոբոտին դեպի առաջ և կողք՝ նստած տեղում քայլելու շարժումներ անելով:
Դրանից բացի, ռոբոտը հավասարակշռության վերահսկողության գործառույթ ունի և որևէ առարկայի հետ բախվելու դեպքում կարող է հավասարակշռությունը պահել:










