Tesla-ն Ավստրալիայում տեղադրել է աշխարհում ամենախոշոր մարտկոցը

16:29 • 23.11.17

Tesla Motors ընկերությունն ավարտել է աշխարհում ամենախոշոր Tesla Powerpack լիթիում-իոնային մարտկոցի տեղադրումը Հարավային Ավստրալիա նահանգում: Շուտով իրականացվելու են եզրափակիչ փորձարկումները, հայտնում է news.com.au-ն:


Պորտալի տվյալներով՝ մարտկոցի սնուցումը կմիացվի մի քանի օրից եզրափակիչ փորձարկումների համար համոզվելու համար, որ մարտկոցը համապատասխանում է Հարավային Ավստրալիայի կառավարության և երկրի էներգետիկ շուկաները վերահսկող ընկերության պահանջներին: Սպասվում է, որ մարտկոցը կսկսի նահանգն էլեկտրաէներգիայով ապահովել դեկտեմբերի 1-ից:


«Շնորհավորում են Tesla-ի թիմին և Հարավային Ավստրալիայի իշխանություններին, որոնք ջանասիրաբար աշխատել են ռեկորդային ժամկետներում այն պատրաստելու և տեղադրելու համար»,- հայտարարել է Twitter-ում ընկերության ղեկավար Իլոն Մասկը:


Tesla Powerpack-ը տեղակայված է Ջեյմսթաունի մոտակայքում, այն լիցքավորվելու է Hornsdale քամու էլեկտրակայանից: Նախագծի արժեքը կազմել է մոտ 33 միլիոն դոլար:


Նշվում է, որ մարտկոցն աշխատելու է անընդհատ և ապահովելու է նահանգի էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը խափանումների ժամանակ:

 

 

Tesla-ն Ավստրալիայում տեղադրել է աշխարհում ամենախոշոր մարտկոցը