ՀՀ–ԵՄ համաձայնագիրը, չլինելով ոչ մի հարցում հեղափոխական, նոր քաղաքական հիմք է ստեղծելու զարգացման համար. Վլ. Կարապետյան (տեսանյութ)

12:05 • 23.11.17

Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել վաղը՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, կարևոր է Հայաստանի համար եվրոպական ինստիտուտներին մոտ գտնվելու առումով: Այս մասին փաստաթղթի ստորագրումից մեկ օր առաջ Ֆրիդրիխ Նաումանի ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:

«Այդ համաձայնագիրը փոխարինելու է դեռևս 1996թ. Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված փաստաթղթին: Մենք ԵՄ հետ համագործակցում ենք 20 տարվա վաղեմության փաստաթղթի շրջնականերում: Այն ստորագրվել էր 10 տարվա համար, բայց կողմերը ստիպված էին երկարաձգել այն: Երկկողմ հարաբերությունները կարգավորված փաստաթուղթը բավական հնացած է և գոնե այս առումով շատ կարևոր է, որ ստորագրելու ենք արդիական փաստաթուղթ:

Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ 2013թ.-ին Հայաստանի պետական բոլոր ոլորտներում համաձայնեցված ու նախաստորագրված Ասոցացման պայմանագրից հրաժարվելը վնաս հասցրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ փոխադարձ վստահության առումով, և թերևս դրանով էր պայմանավորված այն, որ միայն երկու տարի անց ձեռք բերվեց մանդատ՝ Հայաստանի հետ բանակցելու արդեն ավելի փոքր ծավալով ու նշանակությամբ փաստաթղթի շուրջ:

«Այս փաստաթուղթն իր խորությամբ թեև զիջում է Ասոցացման համաձայնագրին, ամեն դեպքում համապարփակ է և արտացոլում է երկկողմ հարաբերություններն ու դրանց մակարդակը: Այն նաև նախանշում է երկխոսություն ու համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում: Պայմանագրի մեծ մասը ներառում է ԵՄ ստանդարտ ձևակերպումներ՝ մարդու իրավունքների, զանգվածային ոչնչացման զենքի, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Նախատեսում է համագործակցություն տրանսպորտի, տուրիզմի, հարկային քաղաքականության, մշակույթի և այլ ոլորտներում: Կարևոր է նաև, որ այս փաստաթղթով Հայաստանը ստանձնում է պարտավորություններ, մեր օրենսդրությունը որոշ ոլորտներում մոտեցվելու է եվրոպականին»,- ասաց նա:

Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ կողմերը համաձայնել են զարգացնել երկխոսությունը արտաքին քաղաքականության, անվտանգության հարցերի, բարեփոխումների վերաբերյալ՝ չանցնելով ընդհանուր ձևակերպումները:

Նա նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է երկխոսություն սկսել մուտքի արտոնագրի ազատականացման պայմանների շուրջ, որը վիզաների տրամադրման դյուրացման մասին է:

«Վաղը ստորագրվելիք պայմանագիրը, չլինելով ոչ մի հարցում հեղափոխական, նոր, քաղաքական, իրավապայմանագրային հիմք է ստեղծելու հարաբերություններին նոր որակ հաղորդելու, զարգացնելու համար»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը: