ՆԱՍԱ-ի ինժեներները սկսել են «Մարս-2020» մարսագնացի կառուցումը

16:17 • 29.11.17

«Մարս-2020» նախագծի մասնակիցները պաշտոնապես սկսել են կառուցել ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) հինգերորդ մարսագնացը, որի գլխավոր առաջադրանքը կլինի «Կարմիր մոլորակի» վրա կյանքի հնարավոր հետքեր հավաքելը: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան:

«Այն խնդիրը, թե արդյոք Երկիր մոլորակի սահմաններից դուրս կյանք գոյություն ունի կամ գոյություն ուներ, գիտության և մարդկության գլխավոր հանելուկներից մեկն է: Նմուշները, որոնք մենք կհավաքենք այս առաքելության ընթացքում, կօգնեն մեզ մոտենալ այս հիմնարար հարցի պատասխանին՝ արդյոք մենք մենակ ենք տիեզերքում», - ասել է «Մարս-2020» առաքելության գիտական ղեկավար Քեն Ֆարլին՝ ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայից:

Ֆարլիի խոսքով՝ ՆԱՍԱ-ի ինժեներներն արդեն սկսել են կառուցել մարսագնացը, որը պլանավորվում է գործարկել 2020 թվականին: Սարքի բաղադրիչների մոտ 85 տոկոսը կվերցվի նախորդ մարսագնացից՝ Curiosity-ից:

Ինչպես նշել են գործակալության մասնագետները, նորույթը հիմնված կլինի նույն հարթակի վրա, որի վրա հիմնված էր Curiosity-ն, սակայն միևնույն ժամանակ համալրված կլինի այլ գործիքակազմով: Դրանց հիմնական նշանակությունը կլինի ոչ թե ջրի հետքերի որոնումը, այլ Մարսի՝ անցյալում և այսօր կյանքի համար նպաստավոր պայմաններ ապահովելու ունակությունը ստուգելը:

 

ՆԱՍԱ-ի ինժեներները սկսել են «Մարս-2020» մարսագնացի կառուցումը