Ավստրալիայում գործարկել են աշխարհում ամենամեծ մարտկոցը
Աշխարհում ամենամեծ՝ 100 մեգավատտանոց լիթիում-իոնային մարտկոցը պաշտոնապես գործարկվել է Հարավային Ավստրալիայում՝ խոստանալով իրական հեղափոխություն անել էլեկտրաէներգիայի արտադրման ու պահման ոլորտներում:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, նոյեմբերի կեսին տեղադրված մարտկոցը գործարկվել է երեկ, երբ օդի ջերմաստիճանը գերազանցել է +30 աստիճանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մարտկոցը ստեղծել է ամերիկյան Tesla ընկերությունը: Ավելի վաղ ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը խոստացել էր Ավստրալիայի համար այնպիսի մարտկոց ստեղծել, որը հնարավորություն կտա խուսափել էլեկտրաէներգիայի տևական անջատումներից:
Նա նաև ասել էր, որ եթե չհասցնի մարտկոցը 100 օրում պատրաստել ու այն հանձնել Ավստրալիայի իշխանություններին, ապա ժամկետից ուշանալու դեպքում գումար չի վերցնի: Այնուհանդերձ՝ Մասկի ընկերությանը հաջողվել է մարտկոցը ստեղծել 60 օրում:
Հավելենք, որ մարտկոցը կուտակելու է մի քանի հողմագեներատորների էներգիան և անհրաժեշտության դեպքում տրամադրելու է սպառողներին: Tesla-ն հայտարարել է, որ այն կկարողանա էլեկտրաէներգիայով ապահովել 30 հազար տնտեսություն:










