Բարձրաձայն ընթերցելը բարելավում է հիշողությունը. կանադացի գիտնականներ
Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ բարձրաձայն ընթերցելն իրոք օգնում է ավելի լավ հիշել տեքստը: Այս մասին ասվում է Memory ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ հիշողությունն ու սովորելու ունակությունն իրոք բարելավվում են, երբ մենք արտաբերում ենք բառը կամ ուղեկցում այն որևէ գործողությամբ. այս դեպքում այն ավելի «նկատելի» է դառնում մեզ համար և հետևաբար՝ ավելի հիշվող», - պատմել է Կանադայի Ուոթերլուի համալսարանից Քոլին Մաքլաուդը:
Մաքլաուդը և նրա գործընկերները հետևել են՝ ինչպես են տեղեկությունը հիշելու և ընկալելու տարբեր մեթոդներ ազդել 95 կամավորի հիշողության աշխատանքի վրա, և ապացուցել, որ բարձրաձայն կարդալն օգնում է ավելի լավ հիշել բանաստեղծությունները կամ դասագրքերի տեքստերը և ավելի լավ պատասխանել ուսուցիչների հարցերին:
Այսպես, օրինակ, կամավորների մի մասը կարդացել է տեքստը մտքում, մյուսները լսել են այն ձայնագրության միջոցով կամ գիտափորձի մեկ այլ մասնակցի ընթերցանությամբ: Երրորդ խումը բարձրաձայն է կարդացել տեքստը, իսկ չորրորդը՝ կարդացել, այնուհետև լսել է ձայնագրությունը:
Ինչպես ցույց են տվել դիտարկումները, ամենամեծ հաջողության հասել են բարձրաձայն կարդացողները, ինչը հաստատել է ուսման այս մեթոդի օգուտը:
Մաքլաուդի կարծիքով՝ այս դեպքում հիշողությունը բարելավվում է այն պարզ պատճառով, որ մարդը լավ է հիշում իր ձայնի հնչյունները և սկսում ասոցացնել հիշվող տեղեկությունն իր հետ:










