Մասկը խոստացել է Falcon Heavy հրթիռը տիեզերք արձակել Դևիդ Բոուիի երգի տակ
Ամերիկյան արտադրության Falcon Heavy գերծանր հրթիռի առաջին արձակումը տեղի կունենա հունվարին, հայտնել է SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը:
Ինչպես նշում է ria.ru-ն, ի սկզբանե ակնկալվում էր, որ նոր հրթիռի առաջին արձակումն իրականացվելու էր 2013-2014թթ., սակայն ժամկետը պարբերաբար հետաձգվում էր: Դրանից հետո առաջ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, ինչի հետևանքով հրթիռը չի հաջողվել առ այսօր փորձարկել:
«Falcon Heavy-ի արձակումը տեղի կունենա հաջորդ ամիս՝ Կանավերալ հրվանդանից»,-Twitter սոցկայքում գրել է Մասկը:
Նա նաև մանրամասնել է, որ հրթիռի վրա բարձված կլինի գինեգույն Tesla Roadster էլեկտրական մեքենան, որում միացված կլինի բրիտանացի երգիչ Դևիդ Բոուիի Space Oddity երգը:
«Նշանակման վայրը Մարսի ուղեծիրն է: Եթե այն արձակման ժամանակ չպայթի, ուրեմն խոր տիեզերքում կմնա միլիարդավոր տարիներ»,-գրել է Մասկը:
Ավելի վաղ միլիարդատերը նշել էր, որ ծանր հրթիռի արձակումը շատ ռիսկային է: Նրա խոսքով, որպեսզի հրթիռն օդ բարձրանա, պետք է միաժամանակ գործի դրվեն բոլոր 27 շարժիչները:
Նոր գերծանր Falcon Heavy հրթիռի նախագիծը ներկայացվել էր 2011թ.: Այն կկարողանա ցածր ուղեծիր հանել մոտ 53 տոննա բեռ, ինչը կրկնակի ավելի է ներկայում կիրառվող ծանր հրթիռների կողմից տարվող բեռի ծավալից:










