Առաջին «տիեզերական պիցցայի» պատրաստման տեսանյութը հրապարակվել է համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)
Տիեզերքի հետազոտումը բարդ, բայց խիստ հետաքրքիր զբաղմունք է, հանուն որի տիեզերագնացները ստիպված են լինում զոհողությունների գնալ:
Ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից զատ, նրանք ամիսներով կտրվում են ընտանիքից ու անսովոր պայմաններում ապրում Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ): Այդ ընթացքում նրանք կտրվում են ոչ միայն հարազատ միջավայրից, այլև այն համեղ խոհանոցից, որին սովոր էին Երկրում գտնվելու ժամանակ:
Ինչպես նշում է Big Picture-ը, վերջերս իտալացի տիեզերագնաց Պաոլո Նեսպոլին բողոքել էր, որ շատ է կարոտում իսկական իտալական պիցցայի համը: Դրանից հետո ՄՏԿ են ուղարկվել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները՝ խմոր, պեպերոնի, բանջարեղեն ու սոուս:
Արդյունքում տիեզերագնացների միջազգային թիմը Նեսպոլիի ղեկավարությամբ պատրաստել է առաջին «տիեզերական պիցցան», որի վերաբերյալ համապատասխան տեսանյութն արդեն համացանցում է:
Համտեսելով զրոյական ձգողականության պայմաններում պատրաստված առաջին պիցցան՝ Նեսպոլին նկատել է, որ այն «անսպասելիորեն համեղ է»:













