Հնագետները Հին Եգիպտոսի փարավոնների ժամանակաշրջանին պատկանող երկու դամբարան են հայտնաբերել Լուքսորում
Հնագետները Հին Եգիպտոսի փարավոններին XVIII արքայատոհմին պատկանող երկու դամբարան են հայտնաբերել Նեղոսի արևմտյան ափին՝ Լուքսորի շրջանում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ալ-Ահրամ» թերթին, այս մասին տեղեկացրել է Եգիպտոսի հնագույն հուշարձանների նախարար Հալեդ ալ-Անանին:
Դամբարանները շուրջ 3500 տարվա պատմություն ունեն և պատկանում են Թութմոսների արքայատոհմի ժամանակաշրջանին: Հնագետները դամբարաններից մեկում հայտնաբերել են Օսիրիս աստծո տեսքով դամբարանի մի մասն ու մումիան: Առաստաղին գրված է եղել Թութմոս I փարավոնի անունը: Ուսումնասիրության տվյալներով՝ դա բարձրաստիճան պաշտոնավոր անձի դամբարան է եղել:
Մյուս դամբարանում 100 հուղարկավորման սափորներ են հայտնաբերվել՝ հիերոգլիֆային գրություններով, ինչպես նաև կավե անոթներ և 450 արձանիկի հավաքածու:
Հին Եգիպտոսի փարավոնների XVIII արքայատոհմը (մ.թ.ա. 1550-1292 թթ.) համարվում է ամենահայտնիներից մեկը: Այս արքայատոհմին են պատկանել հանրահայտ փարավոն Թութանհամոնը, թագուհի Հաթշեփուստը, կրոնական բարեփոխիչ Էհնատոնը:










