ԱՄՆ-ում 1 ձեռք ունեցող երաժիշտը կրկին սինթեզատոր է նվագել պրոթեզի շնորհիվ (տեսանյութ)
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Տեխնոլոգիական համալսարանի գիտնականները բացառիկ պրոթեզ են պատրաստել, որին շարժման համար չեն պահանջվում գլխուղեղի ակտիվությունն ընթերցող տվիչներ: Նորույթն ուղղակիորեն փոխգործակցում է մարդու մարմնի մկանների և հյուսվածքների հետ, այսինքն՝ գլխին ամրացված տվիչներ և լարեր չկան:
Sciencealert.com կայքի հաղորդմամբ՝ մկանային ազդակների օգնությամբ գիտնականներին հաջողվել է ոչ միայն ամբողջությամբ վերականգնել երաժիշտ Ջեյսոն Բարնսի մանր մոտորիկան, այլ նաև վերադարձնել երաժշտական գործիքներ նվագելու հնարավորությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր պրոթեզի մշակման գործում գիտնականները հաջողության են հասել նախորդ փորձարկումների շնորհիվ. 2014 թվականին Բարնսը որոշել է համագործակցել սարքի հեղինակների հետ, երբ դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է ձեռքը:
Գիտնականների խոսքով՝ նոր պրոթեզի «երաժշտական» փորձարկումը լավագույն կերպով ցուցադրում է դրա արագագործության հնարավորությունը. այլևս պետք չէ երկար սպասել, փոխել աշխատանքի ռեժիմները և այլ անհարմար գործողություններ իրականացնել սարքն առօրյայում օգտագործելու համար:
Նշվում է, որ նոր ռոբոտացված ձեռքը հնարավորություն է տալիս միայն սովորական գործողություններ իրականացնել՝ սնունդ պատրաստել կամ թղթերի հետ աշխատել, իսկ ապագայում թույլ կտա նաև լիարժեք ավտոմեքենա վարել ու ցանկացած բան անել՝ չսահմանափակելով մարդու կարողությունները:










