Թրամփը ցանկանում է տիեզերագնացներին կրկին Լուսին ուղարկել

11:05 • 12.12.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է տիեզերագնացներին կրկին Լուսին, իսկ հետո՝ Մարս ուղարկել, հայտնում է Associated Press-ը՝ մանրամասնելով, որ 71-ամյա ղեկավարն արդեն ստորագրել է համապատասխան փաստաթուղթը:

Հայտնի է, որ այն վերաբերում է ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության (ՆԱՍԱ)՝ տիեզերքի հետազոտմանն առնչվող գործունեությանը:

Թրամփի կարծիքով՝ իր որոշումը կարևոր քայլ է 1972թ. ի վեր ամերիկացի տիեզերագնացներին Լուսին վերադարձնելու հարցում:

«Այս անգամ մենք ոչ միայն մեր դրոշը կկանգնեցնենք ու ոտնահետք կթողնենք, այլև անհրաժեշտ հիմք կստեղծենք դեպի Մարս և, միգուցե, ավելի հեռավոր աշխարհներ տիեզերական առաքելություններ իրագործելու համար»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Նշվում է, որ փաստաթղթի ստորագրման ժամանակ Թրամփի կողքին են եղել մի շարք անվանի տիեզերագնացներ՝ այդ թվում նաև Լուսնի վրա ոտք դրած 2-րդ մարդը՝ Բազ Օլդրինը:

Աղբյուրը հիշեցնում է, որ դեպի Երկրի բնական արբանյակ վերջին առաքելությունը տեղի է ունեցել 1972թ. դեկտեմբերին: Ընդհանուր առմամբ, Լուսնի վրա ոտք է դրել 12 մարդ, բոլորը՝ ամերիկացիներ:

Թրամփը ցանկանում է տիեզերագնացներին կրկին Լուսին ուղարկել