Գիտնականները քաղցկեղ են հայտնաբերել եգիպտական մումիայի մոտ

22:26 • 13.12.17

Նյու Յորքի «Կրաուս» հիվանդանոցի ամերիկացի մասնագետները քաղցկեղային ուռուցք են հայտնաբերել եգիպտական մումիայի մոտ, որի տարիքը հասնում է շուրջ 2000 տարվա:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, գիտնականները մումիայի սկանավորում են իրականացրել համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով՝ պարզելու համար եգիպտացու մահվան պատճառը: Պարզվել է, որ սրունքի ոսկորի վրա ուռուցք է եղել, ամենայն հավանականությամբ՝ չարորակ:

Գիտնականների խոսքով՝ հին եգիպտացիները ոչինչ չգիտեին մահացու հիվանդության մասին և չէին կարող բուժել այն: Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է, հավանականություն կա, որ եգիպտացին մահացել է վիրահատության ժամանակ: Հայտնի է, որ Հին Եգիպտոսում անցկացվող կոպիտ և վտանգավոր վիրահատությունները շատ հաճախ մահվան ելքով էին ավարտվում:

Սա առաջին փորձը չէ, երբ մասնագետները փորձում են պարզել եգիպտացու մահվան պատճառը: Մումիան արդեն սկանավորել էին 2006-ին, սակայն անհաջող: Այդ օրվանից ի վեր սարքավորումներն արդիականացվել են, մասնավորապես տոմոգրաֆիայի սկաների դետեկտորների թիվը 16-ից հասել է 320-ի:

 

Գիտնականները քաղցկեղ են հայտնաբերել եգիպտական մումիայի մոտ