Cribby. հայ ծրագրավորողները մշակել են հեքիաթ պատմող, օրորոցայիններ երգող «խելացի» օրորոց (լուսանկարներ)

14:30 • 15.12.17

Ժամանակակից տեխնոլոգիաներով օժտված բազմաֆունկցիոնալ Cribby օրորոցը կարողանում է անել այն, ինչ պետք է նորածին երեխային հետևելու, խնամելու և հոգ տանելու համար:

Օրորոցը կառավարվում է սմարթֆոնով՝ համանուն հավելվածի միջոցով: Cribby-ն թույլ է տալիս ներկառուցված տեսախցիկով հսկել նորածնին, հատուկ սենսորներով ֆիքսում է նրա շարժումները, արթնանալիս, լաց լինելիս ծանուցումներ է ուղարկում ծնողին: Հեքիաթ պատմելով ու օրորոցային մեղեդիներով՝ այն քնեցնում է երեխային, ինչպես նաև չափում է օդի ջերմաստիճանը, խոնավության մակարդակը և լուսավորում սենյակը: Օրորոցում տեղադրվել է նաև երեխայի խնամքի համար նախատեսված սեղան, որը կարող է ծառայել որպես կշեռք:

Հայաստանում առաջին «խելացի» օրորոցի գաղափարի հեղինակը Գոռ Շահբազյանն է: 2014-ին՝ առաջնեկի ծնունդից հետո նա որոշել է, տեխնոլոգիաների և դիզայնի համադրությամբ, թեթևացնել երեխայի խնամքի հոգսերը:

Tert.am-ի հետ զրույցում Գոռը նշեց, որ գաղափարն իրականություն է դարձել ընկերների հետ եռամսյա ինտենսիվ աշխատանքի շնորհիվ։

«Օրորոցը սկզբում շատ տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Ոմանք ասացին, որ «խելացի» մահճակալը կհեռացնի երեխային ծնողից: Մենք կենտրոնացած ենք օգնելու այն ծնողներին, ովքեր հնարավորություն չունեն ամեն պահի երեխայի կողքին լինել, փոխարենը՝ սմարթֆոնով կկարողանան տեղեկանալ նրա մասին։ Գլխավոր առավելություններից մեկն այն է, որ ծնողները պարտավոր չեն գնել տարբեր տեսակի սարքեր և շարել այդ ամենը մահճակալի մոտ։ Ամեն ինչ ներկառուցված է օրորոցում»,-ասաց նա։

Գոռը նշեց, որ հեռախոսով հնարավոր կլինի նաև երաժշտություն, աուդիոգրքեր միացնել երեխաների համար. «Հատուկ Cribby-ի համար հավաքել և ձայնագրել ենք աշխարհի տարբեր երկրների օրորոցայիններ։ Երեխան փոքր տարիքից արդեն կծանոթանա տարբեր մշակույթների հետ։ Մարքեթինգի տեսանկյունից՝ այն նախատեսվում է գլոբալ շուկայի համար. ցանկացած երկրում, որտեղ ձեռք կբերեն մեր մահճակալը, իրենց ազգային մեղեդին արդեն իսկ ինտեգրված կգտնեն»։

Cribby-ի նախատիպը պատրաստվել է դիզայներների, ծրագրավորողների, երաժիշտների համագործակցությամբ։ Թիմում ընդգրկվել է 8-10 հոգի։ Նախագծի արտ-տնօրեն Սերգեյ Նավասարդյանի խոսքով` մահճակալը պատրաստված է բացառապես օրգանիկ նյութերից։

«Գլխավոր առանձնահատկություններից մեկը՝ թե՛ տեսքով, թե՛ իր բնույթով, այն, միևնույն է, մնում է օրգանիկ նյութերից, փայտերի համադրմամբ պատրաստված մահճակալ, որը շատ ջերմ է ու շատ հարմարավետ մանուկի համար` անկախ իր բոլոր տեխնոլոգիական հնարավորություններից»,-ասաց նա։

Աննա Մեջլումյանը և Հայկ Կարապետյանը հատուկ «խելացի» մահճակալի համար գրել են նոր մեղեդիներ, ձայնագրություններում օգտագործել են ազգային փողային գործիքներ։ Այժմ հասանելի են 9 երկրի օրորոցային երգեր (Ճապոնիա, Ռուսաստան, Հայաստան, Նորվեգիա, Իրան, Իսրայել, ԱՄԷ, Շոտլանդիա, Բրազիլիա)։

Տեխնիկական պատասխանատու Աշոտ Գասպարյանը կարևոր ձեռքբերումներից մեկը համարում է ամպային համակարգի հետ կապի ապահովումը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ծնող կարող է իր երեխայի վերաբերյալ վիճակագրական և վերլուծական տվյալներ ստանալ առանձին տրամադրվող ամպից ցանկացած սարքով։

«Օրորոցը դեռևս մշակման փուլում է։ Բարդությունների դեռ հանդիպում ենք, առաջինը` ինֆորմացիայի տեղափոխման խնդիրն է, սինքրոնացումը թե՛ սմարթֆոնի, թե՛ ամպի հետ։ Փորձում ենք օպտիմիզացնել բոլոր գործողությունները։ Սահմանափակ ինտերնետ կապի պարագայում դժվարություններ են առաջանում տեսահեռարձակման հետ»,-ասաց նա։

Աշոտը նկատեց, որ օգտագործված բոլոր սենսորները և սարքավորումները վտանգ չեն ներկայացնում երեխայի առողջության համար, օգտագործվող փոքր վոլտային դաշտերը վնասակար ազդեցություն չունեն։

«Մահճակալը պարունակում է շարժման, ձայնի, լույսի սենսորներ, ջերմաստիճանի, խոնավության չափիչ սարքեր, տեսախցիկ և բարձրախոս: Վերցված ինֆորմացիան ամբողջովին մշակվում է օրորոցում տեղադրված համակարգչի միջոցով, մշակումից հետո այն տեղափոխում ենք ամպ, որտեղից էլ ծնողը ստանում է ինֆորմացիան»,-նշեց նա:

Հաքերային հարձակումներից պաշտպանվելու և անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ ևս տարվում են։

Առաջիկայում պլանավորվում է քրաուդֆանդինգ արշավ, որն առավելապես կօգտագործեն որպես գովազդային հարթակ։ «Խելացի» մահճակալի մասսայական արտադրությունը նախատեսվում է սկսել 2018-ի 2-րդ կեսին։ Գինը դեռևս հայտնի չէ։ Թիրախային շուկան բոլոր այն երկրներն են, որտեղ ծնելիության մակարդակը բարձր է: Հավելվածը հասանելի կլինի և՛ Android, և՛ iOS համակարգերի համար։





















 

 

Cribby. հայ ծրագրավորողները մշակել են հեքիաթ պատմող, օրորոցայիններ երգող «խելացի» օրորոց (լուսանկարներ)