Երկրի ուղեծրի վրա կարող է մոդուլ-հյուրանոց բացվել զբոսաշրջիկների համար

10:59 • 15.12.17

Ռուսական «Էներգիա» հիթիռատիեզերական կորպորացիայի գործադիր տնօրեն Վլադիմիր Սոլնցևը հայտարարել է, որ Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) մի հատվածում կստեղծվի հատուկ զբոսաշրջային մոդուլ:

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այն նախատեսված է լինելու 4-6 մարդու համար և ունենալու է առանձին խցիկներ, 2 զուգարան, դեպի Երկիր բացվող տեսարաններով շատ մեծ պատուհաններ և, առհասարակ, տիեզերքում գտնվելը հնարավորինս հարմարավետ դարձնելու համար այլ պայմաններ:

Սոլնցևը մանրամասնել է, որ Երկրի ուղեծրի վրա բացվելիք զբոսաշրջային մոդուլ-հյուրանոցի կառուցումը ծախսատար նախագիծ է, սական եթե «Էներգիա»-ին հաջողվի ամեն տարի 6-ական զբոսաշրջիկ տիեզերք ուղարկել, ապա 7 տարվա ընթացքում ծախսած ամբողջ գումարը հետ կգա:

Աղբյուրը մանրամասնում է, որ նմանատիպ մոդուլի պատրաստման ֆինանսավորումը կարող է իրականացվել մեկ կամ մի քանի ներդրողի միջոցով:

Ըստ նախնական նախագծի՝ զբոսաշրջիկները տիեզերքում կանցկացնեն 1-2 շաբաթ: Նրանք տիեզերք կթռչեն  ռուսական «Սոյուզ» տիեզերանավերով, որոնք տարեկան 4 անգամ ՄՏԿ են տանում ու այնտեղից Երկիր վերադարձնում տիեզերագնացների միջազգային թիմերին:

Երկրի ուղեծրի վրա կարող է մոդուլ-հյուրանոց բացվել զբոսաշրջիկների համար