Թուրք նախարարը հայտարարել է, որ Wikipedia-ն Թուրքիայում արգելափակվելու պատճառն «ինքն իր մեջ պետք է փնտրի»
Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ երկրի տարածքում արգելափակված Wikipedia առցանց հանրագիտարանի ղեկավարությունն «ինքն իր մեջ պետք է փնտրի» Թուրքիայի իշխանությունների նման որոշման պատճառը:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, նախարարը նշել է, որ Wikipedia-ն կշարունակի արգելափակված մնալ Թուրքիայում:
Արսլանը շեշտել է, որ Wikipedia-ն թույլատրել է Թուրքիայի մասին անընդունելի բնորոշումների ու մեղադրանքների տարածումը, որտեղ որոշ հեղինակներ Թուրքիային մեղադրել են ահաբեկչական կառույցների հետ կապի համար, ինչպես նաև անպատվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսն արձագանքել է Թուրքիայում կայքի արգելափակմանը։ Ուեյլսը Twitter-ի իր պաշտոնական էջում նշել էր, որ իրենք պատրաստ են աջակցել թուրք ժողովրդին տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքի համար մղվող պայքարում:










