Ռուսաստանում առաջին անգամ բանկի վրա հաքերային հարձակում է իրականացվել SWIFT համակարգի միջոցով

11:35 • 19.12.17

Ռուսաստանում առաջին անգամ գումարի փոխանցման ելքով հաքերային հարձակում է իրագործվել բանկի վրա՝ ֆինանսական տեղեկատվության ու վճարների իրականացման SWIFT միջազգային միջբանկային համակարգի միջոցով:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, դա հաստատել են Կենտրոնական բանկում, ինչպես նաև՝ տեղեկատվական անվտանգության գծով մասնագետները։ Հարձակման մասին պարզ է դարձել դեկտեմբերի 15-ին: Հատկանշական է, որ նախքան այս, հաքերները Ռուսաստանում երբևէ չէին կիրառել SWIFT համակարգը:

Հարձակման ենթարկված բանկի, ինչպես նաև կրած ֆինանսական կորուստի չափի մասին տեղեկությունները չեն հրապարակվել: Հայտնի է, որ գողացված գումարը փոխանցվել է Ասիա, Ամերիկա և Եվրոպա:

Այնուհանդերձ՝ ոլորտի փորձագետները նշել են, որ հարձակման հետևում, ըստ ամենայնի, կանգնած է Cobalt խմբավորումը, որը, որպես կանոն, նման հարձակումներն իրագործում է 3-4 շաբաթվա ընթացքում ու միջինը գողանում 100 մլն ռուբլի: