Խաղաղ օվկիանոսում կկառուցվի անկախ ազգի համար նախատեսված առաջին «լողացող պետությունն» աշխարհում (լուսանկարներ, տեսանյութ)
Գլոբալ տաքացման հետևանքով համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանում է՝ բազմաթիվ կղզի-պետությունների գոյությունը դնելով լուրջ սպառնալիքի տակ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ստեղծված իրավիճակի ֆոնին որոշվել է ստեղծել աշխարհում առաջին լողացող պետությունը, որի կոնցեպտուալ լուսանկարներն արդեն հրապարակվել են:
Պարբերականը մանրամասնում է, որ իր տեսակի մեջ առաջին լողացող կղզի-պետությունը կլինի քաղաքի չափ, կունենա բազմաթիվ հյուրանոցներ, տներ, գրասենյակներ, ռեստորաններ, հիվանդանոցներ, բժշկական հետազոտությունների կենտրոն, էլեկտրակայաններ ու հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ այլ պայմաններ:

Կղզին կառուցվելու է 2020թ.՝ Խաղաղ օվկիանոսում: Այն գտնվելու է Թաիթի կղզու մերձակայքում:

Հայտնի է, որ կղզին կառուցվելու է ուղղանկյուն և հնգանկյուն 11 հարթակի վրա: Դրանց պատնեշների բարձրությունը լինելու է 50մ, որպեսզի ներսի շինություններն ու բնակիչներն ապահով լինեն:

Հարթակները բավականաչափ ամուր կլինեն եռահարկ շինությունների ծանրությանը դիմանալու համար:

Ըստ նախագծի՝ լողացող կղզին օգտագործման համար պիտանի կլինի 100 տարի: Ընդհանուր առմամբ՝ այնտեղ կկարողանա մշտական բնակություն հաստատել 250-300 մարդ:

Հավակնոտ նախագծի հեղինակը Seasteading Institute ոչ առևտրային կազմակերպությունն է, որը ցանկանում է ստեղծել քաղաքական գործիչների ազդեցությունից անկախ ապրող առաջին ազգն աշխարհում:

Նախագծի հաջողության դեպքում կարող է ստեղծվել առաջին անկախ ազգն աշխարհում, որը կլողա միջազգային ջրերում ու կապրի սեփական օրենքների համաձայն:













