Դիարբեքիրում հնագետներն Ասորեստանի կործանման մասին տեղեկություններ պարունակող սեպագիր արձանագրություն են հայտնաբերել

13:17 • 20.12.17

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի նահանգի (նույն նահանգի տարածքում է գտնվում հայկական Տիգրանակերտը) Բիսմիլ շրջանում հնագետները հայտնաբերել են Ասորեստանի կործանումից առաջ արված սեպագիր արձանագրություններ, որոնք պատմում են երկրում տիրող ծանր իրավիճակի մասին: Այս մասին հաղորդում է թուրքական Arkeofili կայքը:

Նահանգի կենտրոն համարվող Դիարբեքիր քաղաքից 60 կմ հեռավորության վրա՝ Տիգրիս գետի ափին գտնվող բարձունքում ասորական Թուշան հնագույն քաղաքի ավերակների պեղումների ժամանակ հայտնաբերված սեպագիր արձանագրությունը պատկանում է Մ.թ.ա. 7-րդ դարում Ասորեստանում ապրած պաշտոնյա Մաննու Քի Լիբբալիին, որը հայտնում է երկրով մեկ տարածված ճգնաժամային իրավիճակի մասին՝ նշելով, որ խոր հուսահատության ու հիասթափության մեջ է:

Լիբբալին արձանագրության մեջ պատմում է ռազմակառքերից գունդ կազմելու հրաման ստանալու մասին և փաստում, որ չի կարող կատարել այդ հրամանը, քանի որ բոլոր նրանք, ումից կարելի էր կազմել այդ գունդը, վաղուց փախել են քաղաքից:

Թուրք հնագետները փաստել են, որ կարևոր այս գտածոն Ասորեստանի կործանմանը հանգեցրած քաղաքական ճգնաժամի ծագման մասին ամենավաղ արձանագրությունն է:

Դիարբեքիրում հնագետներն Ասորեստանի կործանման մասին տեղեկություններ պարունակող սեպագիր արձանագրություն են հայտնաբերել