ԱՄՆ-ում 24 տարի առաջ սառեցված սաղմից առողջ երեխա է ծնվել
ԱՄՆ-ի Թենեսի նահանգում բնակվող զույգի՝ Բենջամին և Թինա Գիբսոնների ընտանիքում 24 տարի առաջ սառեցված սաղմից աղջիկ երեխա է ծնվել, հայտնում է cbsnews.com-ը՝ մանրամասնելով, որ սա առաջին դեպքն է, երբ այսքան երկար ժամկետով սառեցված վիճակում պահված սաղմից երեխա է ծնվում:
Նշվում է, որ Էմմա Ռեն անունով փոքրիկը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 25-ին՝ 2.9 կգ քաշով և 51 սմ հասակով:
Աղբյուրը հավելում է, որ 26-ամյա Թինա Գիբսոնը հղիացել էր 2017թ. մարտին՝ սառեցված սաղմի փոխպատվաստման արդյունքում: Հայտնի է, որ նախքան կնոջ արգանդ տեղափոխվելը, սաղմը 2 տասնամյակից ավելի սառեցված վիճակում է պահվել:
Արդյունքում Գիբսոնը հղիության ընթացքում սրտի տակ կրել է 1992թ. հոկտեմբերին բեղմնավորված ու հետո սառեցված սաղմը:
«Էմման ուղղակի հրաշք է: Նա կատարյալ տեսք ունի՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ սառեցված է եղել»,-ասել է նորաթուխ հայրը:










