Ըստ փորձագետի՝ GetContact-ը մեծ վտանգ չի ներկայացնում, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս չգրանցվել

12:56 • 20.12.17

GetContact անունով հավելվածը, որը վերջերս տարածում գտել Հայաստանում, երկու հնարավորություն է տալիս՝ մուտք գործել բջջային հեռախոսների հասցեների գրքույկ և թույլտվություն ստանալուց հետո մասնակցել զանգերին: Այսինքն՝ զանգի ժամանակ թույլտվություն է խնդրում, որպեսզի կարողանա տվյալ տրամադրել այն հեռախոսահամարի մասին, որը չի գրանցված հեռախոսի հասցեագրքում և տվյալ պահին զանգում է: Այն իրենից մեծ վտանգ չի ներկայացնում, խնդիրն այն է, որ հավելվածում գրանցվող անձը դառնում է անձնական տվյալներ տարածող:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Սկզբունքորեն կա վտանգ, որ հավելվածն առանց հավելվածում գրանցված անձի համաձայնության զանգ կատարի, բայց կարծում եմ ոչ, այդ գործողությունը հավելվածն ուզում է, որպեսզի զանգի ժամանակ գրանցված անձին ցույց տա, թե ով է զանգ կատարողը, եթե այդ հեռախոսահամարը գրանցված չէ հասցեների գրքույկում:

Միակ խնդիրն այն է, որ փաստացի այդտեղ գրանցվողը անձնական տվյալների տարածող է դառնում, հենց գրանցվում եք դուք ձեր հասցեագիրքը նվիրում եք այդ ծրագրին, ինչի հիման վրա էլ ձեզ ցույց է տալիս ուրիշների համարները»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նա չի կարծում, որ շատ վտանգավոր ծրագիր է։ «Խնդիրն այն է, որ բոլորը գրանցվում են, որ տեսնեն, թե իրենց մասին ի՞նչ է գրված, փաստացի ուրիշների մասին տվյալները տարածում են՝ տալով իրենց մոտ գրանցված հեռախոսահամարները»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ սա նմանատիպ միակ ծրագիրը չէ, անգամ ծրագրեր կան, որոնք ներդրված են հենց հեռախոսի մեջ:

Ինչ վերաբերում է Հայաստանում տարածում ստանալուն, Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ «սքրինշոթ» է դրվել սոցցանցերում և այդպես արագ տարածում է գտել:

Նշենք, որ հավելվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որը խորհուրդ է տալիս չգրանցվել այս համակարգում, որպեսզի քաղաքացու հեռախոսի հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չդառնան հանրամատչելի։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարության մեջ ասվում է.«Վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact անունով հավելվածը։

Այն թույլ է տալիս տեսնել, թե բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել, ինչի պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը։

Նշված հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլ է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։ Այսինքն, հավելվածը ներբեռնելով ձեր հեռախոսի հասցեագրքում գրանցված բոլոր անձանց տվյալները հասանելի են դառնում հավելվածի համար՝ վտանգելով այլ անձանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: 

Ուստի, խորհուրդ ենք տալիս չգրանցվել այս համակարգում, որպեսզի ձեր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չդառնան հանրամատչելի։

GetContact-ի բազայից հնարավոր է հեռացել հեռախոսահամարը, ինչը անելու համար պետք է մտնել այս հղումով՝ ու ջնջել այն»։