Գլոբալ տաքացումը կնպաստի ներգաղթյալների «ներխուժմանը» Եվրոպա. գիտնականներ
Եվրոպայում ապաստան ստանալ ցանկացող պոտենցիալ ներգաղթյալների և փախստականների թիվը կարող է եռապատկվել հաջորդ հարյուրամյակի սկզբին, եթե գլոբալ տաքացումը շարունակվի ընթացիկ տեմպերով: Այս մասին ասվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում:
«Եվրոպայում արդեն այժմ խիստ վեճեր են ընթանում այն մասին, թե որքան ներգաղթյալի է կարելի ներս թողնել ԵՄ տարածք: Չնայած այն փաստին, որ գլոբալ տաքացումն ամենաշատը կանդրադառնա աշխարհի շոգ տարածաշրջանների աղքատ երկրների վրա, աշխարհի բոլոր շրջանների միջև սերտ կապերը կբերեն նրան, որ Եվրոպա կներթափանցեն «կլիմայական փասխտականներ» մոլորակի բոլոր անկյուններից», - ասել է Վոլֆրամ Շլենկերը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից:
Շլենկերը և նրա ասպիրանտ Անուխ Միսիրյանը հետազոտել են՝ ինչպես կարող են ժամանակակից կլիմայական գործընթացներն ազդել մարդկանց միգրացիայի հաճախականության վրա: Այս հարցին պատասխանելու համար գիտնականները դիմումների թվի մասին տվյալներ են ստացել, որոնք 103 երկրից ներգաղթյալներ ներկայացրել են ԵՄ երկրների մարմիններին, և համեմատել այս տվյալները նրա հետ, թե ինչպես են փոփոխվել ամառային ջերմաստիճանները 2000-2014 թվականների ընթացքում:
Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նման դիմումների թիվը կտրուկ աճել է այն տարիներին, երբ տիպիկ ամառային ջերմաստիճանները գերազանցել են +20 աստիճանն ըստ Ցելսիուսի, որն այսօր համարվում է լավագույնը մարդու կյանքի համար:
«Այս հետազոտությունը շատ կարևոր է քաղաքական գործիչների համար, քանի որ այն ցույց է տալիս, որ կլիմայական փոփոխություններն ազդում են ոչ միայն մեկ երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների վրա, այլ նաև նպաստում ներգաղթյալների ներհոսքի ուժեղացմանն ամբողջ աշխարհից: Գիտնականները պետք է կենտրոնանան միջոցներ փնտրելու վրա, որոնք թույլ կտան զարգացող երկրներին հարմարեցնել իրենց գյուղատնտեսությունը կլիմայի փոփոխություններին», - ասել է Եվրահանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Խուան Կառլոս Սիսկարը:










