Հայ օգտատերերը GetContact-ով պարզել են Իլհամ և Մեհրիբան Ալիևների հեռախոսահամարները (լուսանկար)

11:42 • 22.12.17

Facebook սոցկայքի հայ օգտատերերը հրապարակել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հեռախոսահամարները:

Ինչպես հաղորդում է rusarminfo.ru կայքը, նախագահական զույգի հեռախոսահամարները հնարավոր է եղել պարզել GetContact հավելվածի միջոցով: Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ հավելվածում կարելի է գտնել ցանկացած մարդու հեռախոսահամարը, եթե հայտնի են նրա անունը, ազգանունը, բնակության վայրն ու բջջային օպերատորը:

Նշվում է, որ Իլհամ և Մեհրիբան Ալիևների հեռախոսահամարների սքրինշոթերը հրապարակվել են համացանցում:

 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, GetContact անունով հավելվածը, որը վերջերս տարածում է գտել Հայաստանում, երկու հնարավորություն է տալիս՝ մուտք գործել բջջային հեռախոսների հասցեների գրքույկ և թույլտվություն ստանալուց հետո մասնակցել զանգերին: Այսինքն՝ զանգի ժամանակ թույլտվություն է խնդրում, որպեսզի կարողանա տվյալ տրամադրել այն հեռախոսահամարի մասին, որը գրանցված չէ հեռախոսի հասցեագրքում և տվյալ պահին զանգում է: Այն իրենից մեծ վտանգ չի ներկայացնում, խնդիրն այն է, որ հավելվածում գրանցվող անձը դառնում է անձնական տվյալներ տարածող:

Նշենք, որ հավելվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որը խորհուրդ է տալիս չգրանցվել այս համակարգում, որպեսզի քաղաքացու հեռախոսի հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չդառնան հանրամատչելի։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարության մեջ ասվում է.«Վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact անունով հավելվածը։

Այն թույլ է տալիս տեսնել, թե բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել, ինչի պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը։

Նշված հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլ է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։ Այսինքն՝ հավելվածը ներբեռնելով՝ ձեր հեռախոսի հասցեագրքում գրանցված բոլոր անձանց տվյալները հասանելի են դառնում հավելվածի համար՝ վտանգելով այլ անձանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: 

Ուստի՝ խորհուրդ ենք տալիս չգրանցվել այս համակարգում, որպեսզի ձեր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չդառնան հանրամատչելի։

GetContact-ի բազայից հնարավոր է հեռացնել հեռախոսահամարը, ինչն անելու համար պետք է մտնել այս հղումով՝ ու ջնջել այն»։

Հայ օգտատերերը GetContact-ով պարզել են Իլհամ և Մեհրիբան Ալիևների հեռախոսահամարները (լուսանկար)