Պատմական Մալաթիայում գյուղացին 2000 տարվա կարաս է հայտնաբերել իր այգում
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիա նահանգի գյուղերից մեկի բնակիչն իր տան այգում պատահաբար շուրջ 2000 տարվա կարաս է գտել, այս մասին գրում է թուրքական DHA գործակալությունը:
Գյուղացին ջրելիս է եղել իր հողամասը, երբ նկատել է, որ ջուրն այգու մի կետում դադարում է հոսել ու լցվում է ինչ-որ անցքի մեջ: Հետաքրքրությունից դրդված, թե ուր է հոսում ջուրը՝ գյուղացին սկսել է փորել հողն ու արդյունքում հայտնաբերել է հսկա կարաս:
Մալաթիացի այգեգործի տուն ժամանած փորձագետները պարզել են, որ կարասն ունի ավելի քան 2.000 տարվա պատմություն: Այն ունի 135 սմ երկարություն և 92 սմ լայնություն, կարասի եզրն ունի 52 սմ տրամագիծ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆայում հնագետները հայտնաբերել են շուրջ 900 տարվա բաղնիք: 12-րդ դարում կառուցված և երեք մեծ բաժին ունեցող բաղնիքը գրեթե անվնաս է մնացել: Ներսում այն ունեցել է առանձին լողավազան, տաք և սառը ջրի մատակարարում ապահովող ջրային համակարգ, լոգանք ընդունելու և հանգստանալու առանձին սենյակներ:










