Թվային օրակարգերը 4-րդ արդյունաբերական հեղափոխության հիմնական ուղղությունն է. տնտեսագետը՝ Տիգրան Սարգսյանի հայտարարության մասին
Թվային օրակարգերն այսպես կոչված 4-րդ արդյունաբերական հեղափոխության հիմնական ուղղությունն են, և շահում են ու կշահեն այն պետությունները, որոնք լավ կդիրքավորվեն այդ թվայնացման գործընթացում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանն՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, որ հասունացել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ անելու ժամանակը՝ նկատի ունենալով թվային փոխակերպումների անհրաժեշտությունը: Տնտեսագետի խոսքով՝ բոլոր այն ուղղությունները, որոնք ենթադրում են ցանցային ուղղությունների զարգացմանն առնչվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին:
«Տեխնոլոգիական ալիքի վրա բարձրացած գնալով շահում ես, քանի որ կյանքի բոլոր բնագավառներին է վերաբերում՝տնտեսական, սոցիալական, գիտության, ռազմաարդյունաբերության և այլն: Թռիչք, զարգացում ունենալու հիմնական պայմանը թվային օրակարգն է, սրա հետ կապված ռազմավարություն է, երկրի զարգացում ունենալն է: Սրա հետ մեկտեղ, եթե երկիրն ինտեգրացիոն համակարգի մեջ է, բնականաբար, այն ինտեգրացիոն կազմակերպության շրջանում էլ պետք է թվային փոխակերպում լինի»,- ասաց նա:
Մարգարյանը նկատեց, որ այժմ խնդիրը տրվում է ԵԱՏՄ շրջանակում, միևնույն է, հարցն ընդհանուր է և վերաբերում է գլոբալ ցանցերին: Նա գտնում է, որ օր օրի ականատես ենք լինում թվային տնտեսության նոր դրսևորումների.«Ինչ-որ առումով մենք ուշացել ենք, քանի որ, երբ նայում ենք, թե ՀՀ-ի բնակչության որ հատվածն է օգտվում այդ թվային տնտեսության առավելություններից, գործարքներից որքան մասն է իրականացվում օնլայն և այլն, նկատում ենք, որ բնակչության կեսից ավելին չէ: Թվային տեխնոլոգիաներն այսօր թույլ են տալիս նաև լուծել տեղաբաշխման խնդիրներ՝ տնտեսության, ռեսուրսների, մենեջմենթի, ավելի թափանցիկ են դարձնում քաղաքական սիստեմները և այլն»,-ընդգծեց տնտեսագետը:
Միևնույն ժամանակ Ատոմ Մարգարյանը գտնում է, որ այս ծրագիրը կյանքի կոչելու համար հարկավոր է ներդրումներ և լուրջ աշխատանք:
Իսկ տնտեսագետ Հայկ Բալանյանը Տիգրան Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ անելու հայտարարության հիմքում լուրջ բան չի տեսնում: Նրա գնահատմամբ՝Տիգրան Սարգսյանը, բացի իր անձնական շահից ու կարիերայի մասին մտածելուց, երբեք այլ բան չի արել.« Տարիների ընթացքում Տիգրան Սարգսյանը մի բան է խոսել որպես ԵԱՏՄ պատասխանատու՝ ընդհանուր տարադրամի ստեղծման մասին առաջարկներ է եղել: Կարծում եմ՝ Տիգրան Սարգսյանից որևէ լավ բան չի կարելի սպասել»,- շարունակեց նա:
Բալանյանի դիտարկմամբ՝ այս հայտարարությունով Տիրան Սարգսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց իր գոյության մասին.« Թե ՀՀ –ին ինչ կլինի այդ խորտակվող նավի՝ ԵԱՏՄ-ի, հետ կապելուց հետո, իրեն բացարձակապես հետաքրքիր չէ, իրենից լավ բան չեմ կարող սպասել»,- եզրափակեց Հայկ Բալանյանը:










