999.999.999.000 դոլար. հայուհին Apple-ից աստղաբաշխական փոխհատուցում է պահանջում
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության՝ վերջերս արած հայտարարությունից հետո, բազմաթիվ մարդիկ դատական հայցեր են ներկայացրել «խնձորային բրենդի» դեմ, գրում է phonearena.com կայքը՝ մանրամասնելով, որ խոսքն Apple-ի կողմից iPhone սմարթֆոնների հին մոդելների օպերացիոն համակարգի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին է:
Հայցվորների շարքում է հայազգի Վիոլետա Մաիլյանը, որն ընկերությունից մոտ 1 տրլն (999,999,999,000) դոլար փոխհատուցում է պահանջում:
Մաիլյանի ու նրա փաստաբանների ներկայացրած հայցում նշվում է, որ Apple-ը միտումնավոր դանդաղեցրել է iPhone-ի հին մոդելների աշխատանքն ու այդ մասին չի տեղեկացրել օգտատերերին:
Ընդհանուր առմամբ, այս հարցով Apple-ի դեմ 9 մարդ է հայց ներկայացրել: Նրանց բարկացրել է այն հանգամանքը, որ ընկերությունն առկա խնդրի մասին խոստովանել է այսքան ուշ՝ iPhone-ների հազարավոր օգտատերերի ստիպելով զգալի գումար ծախսել սմարթֆոնի աշխատանքն արագացնելու ապարդյուն վերանորոգումների համար: Բացի այդ, նրանք կարծում են, որ այդ կերպ Apple-ը դրդել է, որ նրանք ձեռք բերեն iPhone-ի ավելի նոր ու թանկարժեք մոդելները:










