Հայտնի են 2017-ի ամենաանօգուտ գաջեթները (լուսանկարներ, տեսանյութ)
Գաջեթների և սպառողական էլեկտրոնիկայի մասին նորություններ հրապարակող Engadget պորտալի փորձագետները կազմել են 2017 թվականի ամենաանօգուտ գաջեթների ցուցակը, որին անդրադարձել է РИА Новости-ն:
Նշվում է, որ ամենաանօգուտ գաջեթների ցանկում ներառվել է Juicero հյութքամիչը, որն արդեն տեղ է գտել նմանատիպ մի շարք այլ վարկանիշներում: 400 դոլարանոց սարքը, որի համար մշակողներն ի սկզբանե ցանկացել են 700 դոլար ստանալ, նախատեսված է մրգային խյուսի տուփերից հյութ քամելու համար, սակայն այն կարելի է օգտագործել միայն նույն ընկերության արտադրանքի համար: Հյութքամիչի փորձարկման արդյունքում պարզվել է, որ այս կոնտեյներներում պարունակվող հյութը կարելի է առանց որևէ խնդրի քամել նաև ձեռքերով:

Ցանկում կա նաև մի քանի «խելացի» սարք: Օրինակ`փորձագետներն անօգուտ են համարել LG ընկերության ձեռքի ժամացույցը, քանի որ առանց վերալիցքավորման այն չի աշխատում նույնիսկ մի օր:
Պորտալի վարկանիշում տեղ է գտել նաև Bluetooth բարձրախոսով և ներկառուցված միկրոֆոնով «խելացի գլխարկը»: Ենթադրվում է, որ այս սպորտային գլխարկը կրող մարդը կարող է երաժշտություն լսել և խոսել հեռախոսով, օրինակ` վազքի ժամանակ: Գլխարկի գինը մոտ 130 դոլար է:

Այս տարի փորձագետներին հիասթափեցրել է նաև Samsung-ի Bixby «խելացի» ձայնային օգնականը. այն չի կարողացել պատշաճ կերպով արձագանքել օգտատերերի պարզագույն հրահանգներին:
Տարվա ամենածիծաղելի գաջեթներից մեկն է ճանաչվել Hushme ձայնային դիմակը. հեռախոսազրույցի ժամանակ սարքը խլացնում է օգտատիրոջ ձայնը, որպեսզի մարդկանց անհանգստություն չպատճառվի և նրանք չլսեն խոսակցությունը: Բանն այն է, որ այս դիմակը մեծ խցոցի (кляп) տեսք ունի, ինչի հետևանքով այն կրողը ֆիլմերի չարագործի է նմանվում:











