Երկրի մոտ նկատվել է «անտեսանելի» աստերոիդ. ՆԱՍԱ
ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) նախազգուշացրել է աստերոիդի մասին, որը մեծ արագությամբ մոտենում է Երկիր մոլորակին: Այս մասին հայտնում է Express.co.uk-ը:
Գիտնականների համաձայն՝ 2017 YZ4 կոչվող տիեզերական մարմինը շարժվում է մոտավորապես 33 հազար կմ/ժ արագությամբ:
The Daily Mail-ը գրում է, որ գիտնականներին հաջողվել է նկատել տիեզերական մարմինը միայն վերջերս. այն «թաքնվել է» աստղագետներից մինչև դեկտեմբերի 25-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աստերոիդը բացահայտել են ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Լեմոն լեռան վրա գտնվող աստղադիտարանի աշխատակիցները:
ՆԱՍԱ-ի տվյալների համաձայն՝ նոր աստերոիդը չի կարելի հսկայական անվանել, քանի որ դրա տրամագիծն ընդամենը 7-15 մետր է: Այնուամենայնիվ, Երկրի օդային թաղանթ ընկնելու դեպքում այն կարող է կործանարար հետևանքների հանգեցնել:
Գիտնականների հաշվարկները վկայում են, որ «անտեսանելի» աստերոիդը գտնվում է Երկրից ընդամենը 224.000 կիլոմետր հեռավորության վրա: Այս հեռավորությունը փոքր է համարվում։










