Apple-ը ներողություն է խնդրել սպառողներից iPhone-ի հին մոդելների աշխատանքը միտումնավոր դանդաղեցնելու համար

15:46 • 29.12.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հրապարակավ ներողություն է խնդրել իր սպառողներից iPhone սմարթֆոնի հին մոդելների աշխատանքը միտումնավոր դանդաղեցնելու համար:

Ինչպես նշում է bbc.com-ը, ընկերությունը խոստացել է նվազագույն վճարի դիմաց փոխարինել հին մոդելների մարտկոցներն ու 2018թ. նոր ծրագրակազմ թողարկել, որպեսզի օգտատերերը հնարավորություն ունենան հետևելու մարտկոցի վիճակին:

Աղբյուրը նկատում է, որ մի շարք օգտատերեր վաղուց էին կասկածում ընկերությանը նման խարդախություն անելու ու, այդպիսով, նրանց հեռախոսի ավելի նոր մոդելը գնելուն կամ մարտկոցը նորով փոխարինելուն դրդելու համար:

Իր պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ ընկերությունը նշել է, որ հին մարտկոցների փոխարինման ծառայության արժեքը ներկայիս 79 դոլարից կիջեցվի 29 դոլարի:

Apple-ն ընդգծել է, որ իր սպառողների վստահությունը մեծ կարևորություն ունի ընկերության համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, բազմաթիվ մարդիկ դատական հայցեր են ներկայացրել «խնձորային բրենդի» դեմ iPhone սմարթֆոնների հին մոդելների օպերացիոն համակարգի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման համար:

Հայցվորների թվում է հայազգի Վիոլետա Մաիլյանը, որն ընկերությունից մոտ 1 տրլն (999,999,999,000) դոլար փոխհատուցում է պահանջում:

Մաիլյանի ու նրա փաստաբանների ներկայացրած հայցում նշվում է, որ Apple-ը միտումնավոր դանդաղեցրել է iPhone-ի հին մոդելների աշխատանքն ու այդ մասին չի տեղեկացրել օգտատերերին:

Ընդհանուր առմամբ, այս հարցով Apple-ի դեմ 9 մարդ է հայց ներկայացրել: Նրանց բարկացրել է այն հանգամանքը, որ ընկերությունն առկա խնդրի մասին խոստովանել է այսքան ուշ՝ iPhone-ների հազարավոր օգտատերերի ստիպելով զգալի գումար ծախսել սմարթֆոնի աշխատանքն արագացնելու ապարդյուն վերանորոգումների համար: Բացի այդ, նրանք կարծում են, որ այդ կերպ Apple-ը դրդել է, որ նրանք ձեռք բերեն iPhone-ի ավելի նոր ու թանկարժեք մոդելները:

Apple-ը ներողություն է խնդրել սպառողներից iPhone-ի հին մոդելների աշխատանքը միտումնավոր դանդաղեցնելու համար