Տավարի միսը թանկացել է, բայց ոչ որքան կանխատեսվում էր. փոխնախարարը` պատճառների մասին

21:16 • 30.12.17

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը համաձայն է՝ տավարի մսի գինը թանկացել է, բայց ոչ այնքան, որքան կանխատեսվում էր:

«Ամանորը մոտ է, տոները մոտ են և այն կանխատեսումը, որ շուկայի պահանջարկից ելնելով, կապելով կերի պակասի հետ, միսը կբարձրանա 5000 դրամ, տեսնում ենք, որ իրականության հետ կապ չունի, այսօր տավարի մսի գինը 3000 դրամ է»,-ասաց նա:

Ըստ փոխնախարարի՝ տարին եղել է անբարենպաստ, խոտի կերի կուտակումը քիչ է եղել, խոտը թանկ է, ինչն էլ նշանակում է, որ մսի գինը կբարձրանա: «Սրան էլ ավելացրած անցած տարվա համեմատ, 2017-ին ավելի շատ գլխաքանակ անասուն է դուրս եկել  հանրապետությունից, նոր շուկա է բացվել, բայց դա էական չէր կարող ազդել գնի վրա:  Մենք գնի բարձրացումը կապում ենք անասնակերի պակասի հետ»,-ասաց նա:

Աշոտ Հարությունյանը նշեց, թե տաք եղանակային պայմաններից ելնելով, բայց որոշակի չափով կերի պակասի բալանսը պահպանվում է: «Այս պահի դրությամբ կենդանիները արածում են գյուղամերձ արոտներում, դա որոշակի առումով մեղմում է իրավիճակը, այսինքն՝ խորը մսուրային շրջանի չեն անցել, անասունը արոտից թեկուզ 30 տոկոս կերած է վերադառնում: Այսինքն՝ գյուղացին պետք է որոշակի անասուններ հարկադիր մորթի ենթարկեր, բայց գուցե կարողանա պահել»,-ասաց նա: 

Փոխնախարարը նշեց, թե դեռևս հստակ չի կարող ասել, թե եկող տարի գլխաքանակի շատ պակաս կլինի, թե ոչ: «Բայց իմ կանխատեսումով  կունենանք անասնագլխաքանակի պակաս: 2018-ին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ թիրախային կենտրոնացված ուշադրություն պետք է դարձնենք անասնաբուծության զարգացման վրա»,-ասաց նա:  

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը նշեց, որ միսն այս տարի իրացվում է ինքնարժեքից մի քիչ բարձր գնով: «Այսինքն՝ գյուղացին, անասնաբուծությամբ զբաղվողն ակնկալում է եկամուտ: Գրեթե ամեն տարի ֆերմերները տարին փակել են մինուսով, եկեք անկեղծ լինենք,  այս տարի շուկան դա է թելադրում, մարդը պետք է եկամուտ ունենա, որ կարողանա զարգանալ, իսկ մեր գյուղացիները, ֆերմերները գրեթե միշտ տարին փակել են մինուսով, դրա համար էլ բանկերում միշտ ունեցել են խնդիրներ: Ճիշտ է գնողի համար, քաղաքաբնակի  գրպանի համար դա մեծ վնաս է, դա էլ ենք հասկանում, ուղղակի գյուղն է միշտ կերակրել քաղաքը, պետք է գյուղացին էլ մի քիչ կարողանա զարգանալ, պարտքի տակից ինքն էլ դուրս գա, որ քաղաքաբնակին օրգանապես մաքուր սնունդ կարողանա մատակարարել: Մենք պետք է փորձենք մի քիչ ավելի տնտեսագիտորեն մտածել»,-ասաց նա:

 

Տավարի միսը թանկացել է, բայց ոչ որքան կանխատեսվում էր. փոխնախարարը` պատճառների մասին