Պեկինի մետրոյում գործարկվել են Չինաստանում արտադրված առաջին ինքնակառավարվող գնացքները
Պեկինի մետրոպոլիտենի՝ ավտոմատացված ինքնակառավարվող գնացքներով առաջին ճյուղը շաբաթ պաշտոնապես շահագործման է հանձնվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով։
«Յանֆան» կոչվող նոր ճյուղը, որի ընդհանուր երկարությունը 14,4 կմ է, կապում է Պեկինի արվարձան Յանշանը մայրաքաղաքի Ֆանշան թաղամասի հետ։ Նոր ճյուղն ունի 9 կանգառ։ Ամբողջապես ավտոմատացված գնացքները կարող են զարգացնել ժամում մինչև 80 կմ արագություն։
Միևնույն ժամանակ, գնացքներում, ինչպես նախկինում, կգտնվի մեքենավար՝ արտակարգ դեպքերի ժամանակ գործելու համար։
Ամբողջապես ավտոմատացված գնացքները նորություն չեն Չինաստանում, սակայն սրանք առաջինն են, որ լիովին նախագծվել ու արտադրվել են երկրի տարածքում։










