Սկանդալային բացահայտումից հետո Apple-ը սկսել է հին iPhone-ների համար մատչելի գներով մարտկոցների վաճառքը
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը iPhone-ի հին մոդելների աշխատանքը միտումնավոր դանդաղեցնելու շուրջ ծագած սկանդալից հետո հայտարարել է հին մոդելների մարտկոցները մատչելի գնով նորով փոխարինելու ակցիայի մեկնարկի մասին:
Ինչպես նշում է USA Today-ը, նախկինում պարզվել էր, որ «խնձորային» բրենդը միտումնավոր դանդաղեցրել էր հին մոդելների աշխատանքը, որպեսզի օգտատերերը գումար ծախսեին ու մարտկոցը նորով փոխարինեին:
Այժմ Apple-ն առաջարկում է նախկին 79 դոլարի փոխարեն 29 դոլարով փոխել հին մարտկոցը:
Օրերս ընկերությունը հրապարակավ ներողություն է խնդրել իր սպառողներից կատավածի համար: Ընկերությունը խոստացել է նվազագույն վճարի դիմաց փոխարինել հին մոդելների մարտկոցներն ու 2018թ. նոր ծրագրակազմ թողարկել, որպեսզի օգտատերերը հնարավորություն ունենան հետևելու մարտկոցի վիճակին:
Մի շարք օգտատերեր վաղուց էին կասկածում ընկերությանը նման խարդախություն անելու ու, այդպիսով, նրանց հեռախոսի ավելի նոր մոդելը գնելուն կամ մարտկոցը նորով փոխարինելուն դրդելու համար:
Բազմաթիվ մարդիկ դատական հայցեր են ներկայացրել «խնձորային բրենդի» դեմ iPhone սմարթֆոնների հին մոդելների օպերացիոն համակարգի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման համար:
Հայցվորների թվում է հայազգի Վիոլետա Մաիլյանը, որն ընկերությունից մոտ 1 տրլն (999,999,999,000) դոլար փոխհատուցում է պահանջում:
Մաիլյանի ու նրա փաստաբանների ներկայացրած հայցում նշվում է, որ Apple-ը միտումնավոր դանդաղեցրել է iPhone-ի հին մոդելների աշխատանքն ու այդ մասին չի տեղեկացրել օգտատերերին:
Ընդհանուր առմամբ, այս հարցով Apple-ի դեմ 9 մարդ է հայց ներկայացրել: Նրանց բարկացրել է այն հանգամանքը, որ ընկերությունն առկա խնդրի մասին խոստովանել է այսքան ուշ՝ iPhone-ների հազարավոր օգտատերերի ստիպելով զգալի գումար ծախսել սմարթֆոնի աշխատանքն արագացնելու ապարդյուն վերանորոգումների համար: Բացի այդ, նրանք կարծում են, որ այդ կերպ Apple-ը դրդել է, որ նրանք ձեռք բերեն iPhone-ի ավելի նոր ու թանկարժեք մոդելները:










