Հին iPhone-ների մարտկոցների գների իջեցումը կարող է հանգեցնել նոր iPhone-ի վաճառքի կտրուկ նվազեցմանը
iPhone հեռախոսների հին մոդելների մարտկոցների փոփոխման արժեքի իջեցման մասին Apple ընկերության որոշումը կարող է ընդհանուր առմամբ մոտ 10 մլրդ դոլարի վնաս հասցնել ընկերությանը, այս մասին հայտնում է Business Insider-ը:
Մարտկոցների փոփոխման գինն Apple-ն իջեցրել է մինչև 29 դոլար՝ նախկին 79-ի փոխարեն:
Այս քայլին ընկերությունը ստիպված եղավ գնալ հին iPhone-ի շուրջ բարձրացած սկանդալից հետո, երբ տեղեկություն տարածվեց, որ Apple-ը դիտավորյալ է դանդաղեցնում հին սմարթֆոնների աշխատանքը՝ մարտկոցի աշխատունակության երկարեցման նպատակով:
Հատկանշական է, որ հարցումների համաձայն՝ մարտկոցի հետ կապված խնդիրները նոր iPhone-ների գնման հիմնական պատճառներից են:
Փորձագետները կարծում են, որ 2018 թվականին iPhone-ի նոր մոդելների վաճառքը կնվազի շուրջ 16 մլն նմուշով:
Մասնագետները փաստել են, որ մարտկոցների գնի իջեցումը թեև հրաշալի գովազդային քայլ է, սակայն կարող է մեծ ֆինանսական վնասներ հասցնել ընկերությանը՝ նվազեցնելով նոր հեռախոսների գնումը, քանի որ շատերը կնախընտրեն գնել նոր մարտկոց՝ նոր iPhone-ի փոխարեն:










