Ռուսաստանի ու Չինաստանի սահմանին մոտ 20 մ բարձրությամբ սառցե պատ է հայտնվել (տեսանյութ)
Ռուսաստանի ու Չինաստանի սահմանին՝ Խանկա լճի ափին, մոտ 20 մետր բարձրությամբ սառցե պատ է հայտնվել։ Արտասովոր բնական երևույթի մասին տեսանյութը հրապարակել է CCTV հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Տպավորիչ «կառույցն» ունի բնական ծագում. պատը հայտնվել է ուժեղ քամու հետևանքով, որը տարբեր չափերի սառցե կտորները քշել-բերել է լճի արևելյան ափ։ Սկզբում այն եղել է 3-4 մ բարձրության, այնուհետ հասել 20 մետրի։ Միևնույն ժամանակ, պատի երկարությունը հասնում է տասնյակ կիլոմետրերի։
«Այն ասես սառույցից Չինական մեծ պատը լինի»,- ասել է սիրողական լուսանկարիչ Լի Լեյը, որը գնացել է տեսնելու գեղեցիկ բնական երևույթը։
Ըստ Հիդրոօդերևութաբանական կայանի աշխատակիցների՝ նմանատիպ սառցե պատեր հաճախ չեն հայտնվում։ Դրա համար հարկավոր է երկարատև օդի ցածր ջերմաստիճաններ, ուժեղ քամի և լճի ջրի վերին շերտերի շարժ։










